Ուկրաինան ԱՄՆ-ին վստահեցրել է, որ կասետային զինամթերք չի օգտագործի Ռուսաստանի տարածքում. Սալիվան |tert.am|

tert.am: ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը լրագրողներին ասել է, որ Ուկրաինան գրավոր հավաստիացրել է Միացյալ Նահանգներին, որ Վաշինգտոնի կողմից տրամադրվելիք կասետային զինամթերքը չի օգտագործի Ռուսաստանի տարածքում կամ բնակեցված տարածքներում։ Այս մասին գրում է golosameriki.com-ը:

Սալիվանն այս հայտարարությունն արել է այն բանից հետո, երբ մի շարք դեմոկրատ օրենսդիրներ մտահոգություն են հայտնել նախագահ Ջո Բայդենի վարչակազմի կողմից Կիևին կասետային զինամթերք մատակարարելու որոշման վերաբերյալ։

Հիշեցնենք, որ ուրբաթ Միացյալ Նահանգները հայտարարել է, որ Կիևին կասետային զինամթերք կմատակարարի որպես անվտանգության նոր 800 միլիոն դոլար արժողությամբ փաթեթի մաս: Կասետային զինամթերքն արգելված է ավելի քան 100 երկրում։ ԱՄՆ-ն, Ուկրաինան և Ռուսաստանը չեն ստորագրել կասետային զինամթերքի մասին կոնվենցիան, որն արգելում է այդ զենքի արտադրությունը, պահեստավորումը, օգտագործումն ու փոխանցումը։

Դեմոկրատ սենատոր Թիմ Քեյնը և կոնգրեսական Բարբարա Լին կասկածներ են հայտնել որոշման վերաբերյալ՝ ասելով, որ այն կարող է խրախուսել այլ երկրներին շրջանցել նշված զինամթերքն արգելող միջազգային կոնվենցիան:

Լին Բայդենի վարչակազմին կոչ է արել վերանայել այդ քայլը:

«Կասետային զինամթերք երբեք չպետք է օգտագործվի. դա դուրս է բոլոր սահմաններից», –  ասել է նա CNN-ին:

Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցության համակարգող Ջոն Քիրբին պաշտպանել է վարչակազմի որոշումը։

«Մենք շատ լավ հասկանում ենք քաղաքացիական զոհերի և չպայթած զինամթերքի վերաբերյալ մտահոգությունները: Բայց այս զինամթերքն իսկապես օգտակար հնարավորություններ է տալիս մարտի դաշտում»,- ասել է Քիրբին:

Նա հիշեցրել է, որ Ռուսաստանը կասետային զինամթերք է օգտագործում Ուկրաինայում և «սպանում խաղաղ բնակիչներին», մինչդեռ «ուկրաինացիները դրանք կօգտագործեն իրենց սեփական տարածքը պաշտպանելու համար»։

Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, հանրապետական Մայքլ ՄըքՔալը, ասել է, որ Ուկրաինայի հակահարձակումը դանդաղ է ընթանում, և որ կասետային զինամթերքը կարող է «բեկումնային կետ» լինել ուկրաինացիների համար:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն