azatutyun.am: Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակումը խորապես մտահոգում է Միացյալ Նահանգներին: Այս մասին հայտարարել է ԱՄՆ դեսպանատունը՝ պատասխանելով «Ազատության» հարցին:
«Ազատությունը» մասնավորապես հետաքրքրվել է՝ «Ադրբեջանը կրկին արգելափակել է Լեռնային Ղարաբաղից բժշկական տարհանումները՝ արգելելով Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին անցնել Հակարիի կամրջով։ Ինչպիսի՞ն է Միացյալ Նահանգների դիրքորոշումը Բաքվի այս քայլի վերաբերյալ»։
«Հումանիտար երթևեկության երեկվա կասեցումն առավել սրում է վատթարացող հումանիտար իրավիճակը և վտանգում խաղաղության գործընթացում վստահություն ձևավորելու ջանքերը։ Ազատ և բաց տարանցումը Լաչինի միջանցքով պետք է անհապաղ վերականգնվի», – պատասխանել է ԱՄՆ դեսպանատունը։
Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմը հուլիսի 11-ին Լաչինի միջանցքով երթևեկությունը ժամանակավոր դադարեցրել է՝ որպես պատճառ նշելով այն, թե հայերը ԿԽՄԿ մեքենաների միջոցով փորձել են բենզին, ծխախոտ և այլ ապրանքներ տանել Արցախ։
Ավելի ուշ ԿԽՄԿ-ից հայտնեցին՝ տեղյակ են Լաչինի միջանցքով չթույլատրված ապրանքների տեղափոխման վերաբերյալ բարձրաձայնված մտահոգությունների մասին․ «Ցավում ենք, որ առանց մեր իմացության վարձու չորս վարորդ փորձել են առևտրային նշանակության ապրանքներ տեղափոխել սեփական փոխադրամիջոցներով, որոնց վրա ժամանակավորապես փակցված է եղել ԿԽՄԿ տարբերանշանը։ Նշված անձինք չեն եղել ԿԽՄԿ աշխատակիցներ, և նրանց հետ կնքված ծառայությունների մատուցման պայմանագրերն անմիջապես խզվել են ԿԽՄԿ-ի կողմից»։
ՀՀ ԱԳՆ-ն այսօր նույնպես հայտարարություն է տարածել՝ նշելով, որ ԼՂ բնակչությունը կանգնած է սովի մատնվելու իրական վտանգի առջև, քանի որ ցանկացած ապրանքի մատակարարում ի սպառ արգելվել է։ «Նախօրեին ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված այն տեղեկությունները, որ փորձ է կատարվել տեղափոխել ծխախոտ և բջջային հեռախոսների մարտկոցներ, մի կողմից ցույց է տալիս Լեռնային Ղարաբաղի բնակչության ճարահատ և արժանապատվությունը ոտնահարող իրավիճակը, մյուս կողմից ևս մեկ անգամ ապացուցում բեռների անխոչընդոտ տեղաշարժի չգործելու փաստը»։