Ադրբեջանի բնապահպանական բնույթի մեղադրանքները Հայաստանի հասցեին մտացածին են․ Փաշինյան |armenpress.am|

armenpress.am: Ադբրեջանի «բնապահպանական» ակտիվությունը շարունակվում է և հիմա էլ այդ երկիրը փորձում է Հայաստանին բնապահպանական բնույթի մեղադրանքներ ներկայացնել պաշտոնական և ոչ պաշտոնական մակարդակով։

Կառավարության նիստի ժամանակ այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։    

«Ընդ որում, սրա համար Ադրբեջանը Հայաստանին վերագրում է հանքավայրեր, որոնք պարզապես գոյություն չունեն, բարձրաձայնում է հանգամանքներ, որոնք մտացածին են, մատնանշում է որոշումներ, որոնք բոլորովին ուրիշ բանի մասին են, հիշատակում է կոնվենցիաներ, որոնք վերաբերելի չեն։ Հայաստանի պետական և մասնավոր հատվածի կազմակերպություններն, իհարկե, հատ-հատ ի ցույց են դնում ու կշարունակեն ի ցույց դնել Ադրբեջանի մեղադրանքների մտացածին լինելը»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետը միայն անդրադարձավ մի հանգամանքին, ներկայացնելով Յելի համալսարանի բնապահպանական քաղաքականության և իրավունքի կենտրոնի կողմից հրապարակցված՝ 2022 թվականի աշխարհի էկոլոգիապես ամենամաքուր երկրների վարկանիշային աղյուսակը։   

«Վարկանիշային աղյուսակը չափում է պետության ձեռքբերումները բնապահպանական վիճակի տեսանկյունից, հիմնվում է բնական պաշարների կառավարման 22 ցուցանիշների և 10 կատեգորիաների վրա, որոնք շրջակա միջավայրի պահպանության հարցերին անդրադառնում են էկոհամակարգի կենսունակության, կենսաբազմազանության պահպանման, կլիմայի փոփոխմանը հակազդելու, բնակչության առողջական վիճակի, շրջակա միջավայրի տնտեսական գործունեությամբ ծանրաբեռնվածության տեսանկյունից, ինչպես նաև չափում են պետական քաղաքականության արդյունավետությունը բնապահպանության ոլորտում։

Եվ ահա 2022 թվականի վարկանիշում Հայաստանը զբաղեցրել է 56-րդ տեղը, իսկ Ադրբեջանը՝ 104-րդ։ Թափանցիկ և պատասխանատու հանքարդյունաբերության կազմակերպման գործում Հայաստանի Հանրապետության առաջխաղացումներն ու ձեռքբերումները արտահայտված են նաև արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության հրապարակումներում»,- ասաց Փաշինյանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն