Թատրոնների և համերգասրահների կապիտալ ծախսերը 2017 թվականի համեմատ աճել են 1032 տոկոսով․ վարչապետ |armenpress.am|

armenpress.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևոր բարեփոխում որակեց թատրոնների ու համերգասրահների ֆինանսավորման նոր մոդելի ներդրումը։ Վարչապեը նաև պարզաբանեց, թե ինչ է այն իրենից ենթադրում։

«Մոտավորապես, իրավիճակը հետևյալն է. պետությունը պե՞տք է աջակցի ներկայացումների, նոր ներկայացումների բեմադրության հարցում: Այո՛: Ինչպե՞ս պետք է աջակցի: Ֆինանսապես: Շատ լավ: Ֆինանսապես աջակցում ենք, և, բնականաբար, հետո ուզում ենք գնանք, տեսնեք՝ ինչ ներկայացում է ստացվել, և գնում ենք, տեսնում ենք՝ շատ լավ ներկայացում է ստացվել: Եվ մենք մեր շուրջն ենք նայում, տեսնում ենք՝ բացի Կառավարության ներկայացուցիչներից՝ էլ մարդ չկա այդ դահլիճում: Բա մեր հանդիսատեսը ո՞ւր է: Դե, հանդիսատես չի եկել: Մի մասը չի հասկանում, մի մասը՝ չի ուզում։ Այսպես չի լինի, որովհետև Կառավարությունը այդ միջոցը ծախսում է, որ այդ մշակույթը հասանելի լինի մարդկանց։

Որակյալ աշխատանք է արված, բայց մենք չենք ուզում, որ սա դառնա էլիտար ակումբ, որտեղ 1000 հոգանոց դահլիճում 10, 15, 20, 50, 100, 200 հոգի նստում են և վայելում են, մեզ պետք է, որ մշակույթը հասանելի լինի մարդկանց, մարդիկ առնչվեն, որովհետև մեր ռազմավարական նպատակը հանրության կրթական մակարդակի շարունակական բարձրացումն է և քաղաքացիների միջև հարաբերությունների որակի փոփոխությունն է։ Երկար ժամանակ է մեզանից պահանջվել և պահանջվում, որ մենք թանգարաններին, թատրոններին, մշակութային կազմակերպություններին համոզենք, որ տնտեսավարությունը իրենց անբաժան մասն է։ Դրանք կազմակերպություններ ենք, որոնք ֆինանսապես և տնտեսապես պետք է լինեն առողջ»,- նշեց նա:

Փաշինյանը նաև տեղեկացրեց, որ թատրոնների և համերգասրահների կապիտալ ծախսերը 2017 թվականի համեմատ աճել են:

«Թատրոնների և համերգասրահների կապիտալ ծախսերը 2022-ին 2017 թվականի համեմատ աճել են, ուշադրությո՛ւն դարձրեք, 1032 տոկոսով, այսինքն՝ մենք այս խոսակցության մեջ հասկացել ենք, որ թատրոնները, համերգասրահները որոշակի չափանիշների պետք է համապատասխանեն»,- ասաց Փաշինյանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն