ՆԳ նախարարը հանձնարարել է ակտիվացնել աշխատանքները հանցագործությունների բացահայտման ուղղությամբ

Տեղի է ունեցել Ներքին գործերի նախարարության ոստիկանության ծառայությունների և տարածքային մարմինների 2023 թվականի առաջին կիսամյակի օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքների ամփոփմանը նվիրված խորհրդակցություն, որը վարել են ՆԳ նախարար Վահե Ղազարյանն ու ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը։

Ինչպես հայտնում են նախարարությունից՝ խորհրդակցությանը մասնակցել են ոստիկանության պետի տեղակալները, կոլեգիայի անդամները, կենտրոնական ապարատի ստորաբաժանումների, ծառայությունների, Երևանի և մարզային վարչությունների, տարածքային բաժինների պետերը։

Նշվել է, որ 2023 թվականի առաջին կիսամյակում ՆԳՆ ոստիկանությունը կատարել է իր առջև դրված խնդիրները. ձեռնարկված միջոցառումների շնորհիվ վերահսկվել է օպերատիվ իրավիճակը, պահպանվել է կայուն հասարակական կարգն ու անվտանգությունը:

Ներկայացվել են հաշվետու ժամանակահատվածում օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները, ինչպես նաև հանցավորության դինամիկայի միտումները, հանցավորության շարժընթացի մանրամասներ։

Ամփոփվել են 2023 թվականի առաջին կիսամյակում առանձին ծառայությունների գործունեության արդյունքները և կատարված աշխատանքներով գրանցված ցուցանիշները։

ՆԳ նախարար Վահե Ղազարյանը անդրադարձ է կատարել հասարակական կարգի պահպանության և հասարարական անվտանգության ապահովման ուղղությամբ իրականացված աշխատանքներին, վեր հանել առկա խնդիրներն ու բացթողումները՝ դրանք վերացնելու ուղղությամբ տալով հստակ հանձնարարականներ։

ՆԳ նախարարը հանձնարարել է ակտիվացնել աշխատանքները սպանությունների, սպանության փորձերի, խարդախությունների, գողությունների և այլ հանցագործությունների բացահայտման ուղղությամբ։

ՆԳՆ ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանն էլ ընդգծել է, որ չի կարելի բավարարվել գրանցված արդյունքներով, և անհրաժեշտ է ողջ ներուժը կենտրոնացնել հանցավորության դեմ պայքարի արդյունավետությունն ավելի բարձրացնելու վրա։

Քննարկվել են առանձին հանցատեսակների դեմ պայքարի մեխանիզմները, տրվել են կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով