Սևանի թերակղզու հարավային ափի լողանշաններն անցել են 93 քաղաքացի և 12 հեծանվանավակ. ուժեղացված ծառայության արդյունքները

ՀՀ ՆԳՆ ոստիկանությունն ու փրկարար ծառայության՝ հուլիսի 16-ին Վարդավառի միջոցառումներով պայմանավորված ուժեղացված ծառայության շրջանակներում Սևանի 3 հանրային լողափերում ջրափրկարարներն իրականացրել են 28 շրջայց: Թերակղզու հարավային ափում լողանշաններն անցել են 93 քաղաքացի և 12 հեծանվանավակ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարությունից։

Հաղորդագրության մեջ ասվում է. «Ինչպես հայտարարվել էր, Վարդավառի տոնական միջոցառումներով պայմանավորված, ՀՀ ՆԳ նախարարության ենթակա ծառայությունները՝ ոստիկանությունն ու փրկարար ծառայությունն, անցել են ուժեղացված ծառայության: Ժամը 15.00-ի դրությամբ Վարդավառի տոնական միջոցառումների հետ կապված ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվել է հանցագործության՝ 1, պատահարների՝ 8 և ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ 4 ահազանգ: Արձանագրված բոլոր ահազանգերով ոստիկանությունը ձեռնարկել է անհրաժեշտ միջոցառումներ: Նույն ժամանակահատվածի դրությամբ՝ ուժեղացված ծառայության շրջանակներում Սևանի 3 հանրային լողափերում ջրափրկարարներն իրականացրել են 28 շրջայց: Թերակղզու հարավային ափում լողանշաններն անցել են 93 քաղաքացի և 12 հեծանվանավակ:

Փրկարարական ուժերի վարչության ՀՆՓԱԻ կենտրոնի ծառայողների կողմից իրականացվել է 6 շրջայց: Լողափերին հայտնաբերվել է լողանշաններն անցած 60 քաղաքացի, 4 փչովի նավակ, 1 ջրային հեծանիվ: Իրազեկման աշխատաքների միջոցով փրկարարները անվտանգ գոտի են վերադարձրել քաղաքացիներին և լողամիջոցները: «Շողակաթ» լողափում Ճամբարակի հրշեջ-փրկարարները ավազների արգելափակումից դուրս են բերել 2 տրանսպորտային միջոց: Ահազանգ է ստացվել, որ «Դրախտ» հանգստյան գոտու մոտակայքում նկատվում է ռետինե նավակ և մոտակայքում լողացող քաղաքացի: Ահազանգով դեպքի վայր մեկնած ՀՆՓԱԻ կենտրոնի ջրափրկարարները հանգստյան գոտու «ժայռ» լողափում՝ ափից մոտ 30 մ հեռավորության վրա, հայտնաբերել են քաղաքացուն և տեղի ուժերով դուրս բերել ափ, որտեղ արձանագրվել է Լ. Ղ.-ի (ծնվ.1939 թ.) մահը:

Ըստ աղբյուրի՝ ուժեղացված ծառայության արդյունքների վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

ՀՀ ՆԳՆ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները․ լինել զգոն և ջրային տարածքներում հետևել փրկարարների հրահանգներին, անտառամերձ և բուսածածկ հատվածներում պահպանել հրդեհային անվտանգության կանոնները, ոչ սթափ վիճակում մեքենա չվարել և պահպանել համակեցության կանոնները։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով