Սոցցանցային լուրերը, թե իբր Ակնայից (Աղդամ) Ասկերան քաղաքով ռուս խաղաղապահների ուղեկցությամբ, Կարմիր խաչի աշխատակիցները հումանիտար օգնություն են տեղափոխում, ապատեղեկատվություն է։ Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը։
ՆԳ նախարարությունը վստահեցնում է, որ Ասկերան քաղաքի ոստիկանական անցակետով դեպի Ակնա որևէ տրանսպորտային միջոց չի անցել, առավել ևս հումանիտար բեռներ չեն տեղափոխվել։
«Նախարարությունը միաժամանակ կոչ է անում տուրք չտալ չճշտված տեղեկություններին և զերծ մնալ պառակտողական ու զրպարտիչ գործողություններինից։
Ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի ծառայողները այդ անցակետում շուրջօրյա հերթապահություն են իրականացնում՝ մշտական դիտարկման տակ պահելով Ասկերան քաղաքի և հարակից բնակավայրերի անցուդարձը»,- նշված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հուլիսի 14-ին հայտարարել էր, թե «Բաքուն չի բացառում Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհով օգնություն ցուցաբերելու հնարավորությունը Ղարաբաղի հայերի կարիքները բավարարելու համար»:
Ավելի ուշ ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարել էր․ «Ես ընդգծել եմ Լաչինի միջանցքը բացելու անհրաժեշտությունը, ինչպես նաև նշել եմ Ադրբեջանի պատրաստակամությունը՝ հումանիտար աջակցություն տրամադրելու Աղդամի ուղղությամբ։ Եվ ես տեսնում եմ երկու տարբերակներն էլ… Եվ ես խրախուսում եմ, որ հումանիտար մատակարարումները երկու կողմից էլ ապահովեն բնակչության կարիքները»։
Արցախի նախագահի խորհրդական Արտակ Բեգլարյանը ևս անդրադարձել է այն հարցին, որ Ադրբեջանն առաջարկել է հումանիտար բեռներ Արցախ հասցնել Աղդամ-Ստեփանակերտ երթուղով՝ նշելով, որ խոշոր հաշվով սա մեծագույն վտանգ է Արցախի համար. «դա կլինի եւ հումանիտար, եւ քաղաքական, եւ անվտանգային առումներով. որեւէ կերպով ընդունելի չէ, որ Ադրբեջանը փակելով Լաչինի միջանցքը, փորձում է մեզ հասցնել անտանելի վիճակի, որ մեզնից կորզի զիջումներ, այդ թվում Ադրբեջանի տարածքից Արցախ հումանիտար բեռների տեղափոխումով: Այս ճնշման ձեւն ինքնին միջազգային հանցագործություն է: Սակայն այս մասով եղավ Շառլ Միշելի հայտարարությունը, որը մեզ համար խիստ ցավալի, խիստ անընդունելի է, որ նա տրվում է ադրբեջանական նմանատիպ հանցավոր ծուղակների»,- ասել է Բեգլարյանը: