civilnet.am: Հայաստանն Ուրուգվայում դեսպանատուն կհիմնի։ Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է ՀՀ կառավարության հուլիսի 20-ի նիստի օրակարգում։
Որոշման հիմնավորումներում նշվում է՝ 2019-ի օգոստոսից Երևանում գործում է Ուրուգվայի դիվանագիտական ներկայացուցչությունը, իսկ Ուրուգվայի արտաքին գործերի նախարարի՝ 2021-ին Հայաստան կատարած այցի ժամանակ Հայաստանը վստահեցրել էր, որ Ուրուգվայում դեսպանատան բացումը ՀՀ օրակարգում է։
«Հարավային Ամերիկայում ՀՀ դիվանագիտական ներկայության ընդլայնումը ունի կարևոր նշանակություն: Հարկ է նշել, որ Հարավային Ամերիկայում գործում է ՀՀ երկու դեսպանություն, որոնք գտնվում են Բուենոս Այրեսում և Բրազիլիայում և հավատարմագրված են 4-5 երկրում: Ուրուգվայում ՀՀ ռեզիդենտ դեսպանությունը հնարավոր կդարձնի նաև տարածաշրջանի այլ երկրների հետ ավելի ակտիվ երկխոսության ծավալումը, հայ համայնքի ակտիվ ներկայությունը և նրա ազդեցությունը Ուրուգվայի սոցիալ-տնտեսական, հասարակական կյանքում: Բացի այդ, առկա է Թուրքիայի և Ադրբեջանի ընդգծված հետաքրքրություն Ուրուգվայում և տարածաշրջանում, որոնք բավական մեծ հետաքրքրություն են սկսել ցուցաբերել տարածաշրջանի հանդեպ՝ ներկայացնելով տարբեր գործարար, ներդրումային ծրագրեր: (2014-ին Մոնտեվիդեոյում բացվել է Ադրբեջանի դեսպանության գրասենյակ: 2021-ին բացվել է Թուրքիայի դեսպանությունը:)»,-նշված է որոշման հիմնավորումներում։
Ուրուգվայում դեսպանատան հիմնման համար այս տարվա բյուջեով համապատասխան հատկացումներ արդեն կատարվել են։