Սոցիալապես և տնտեսապես միայն Հայաստանի հետ պետք է լինի մեր կապը․ Արցախում մեկնաբանել են Ասկերան-Աղդամ ճանապարհը փակելու քայլը |armenpress.am|

armenpress.am:  Երեկ արցախցիները բետոնե արգելապատնեշներով փակել են Ասկերան-Ակնա (Աղդամ) ճանապարհը․ նպատակն է ցույց տալ, որ Արցախում կտրականապես դեմ են ադրբեջանական մթերքների ներմուծմանը՝ լինի դա «հումանիտար օգնություն, թե շատ էժան գնով ապրանք։

Ակնայի (Աղդամ) ճանապարհով Արցախին օգնություն ուղարկելու պատրաստակամության մասին վերջերս խոսում են ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաներ։ Մասնավորապես, դրա մասին խոսել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը՝ աշխատանքային մի շարք հանդիպումների ընթացքում։ Այդ ճանապարահն օգտագործելու հնարավորության մասին խոսել էր նաև Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը՝ հուլիսի 15-ին Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ հանդիպումից հետո լրագրողների հետ հանդիպմանը։ Այսօր արդեն ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հայտարարեց, որ Լաչինի միջանցքը պետք է բաց լինի, իսկ Աղդամով (Ակնա) անցնող ճանապարհը պետք է Լաչինի միջանցքի լրացումը լինի։ Նա շեշտել էր՝ հասկանում են բոլորի զգացմունքները, և շատ հստակ հայտարարել են, որ Լաչինի միջանցքը պետք է բացել. «Բայց, միևնույն ժամանակ, ես կարծում եմ, որ պետք է օգտվել ցանկացած առաջարկից՝ ոչ որպես այլընտրանք Լաչինի միջանցքին, այլ որպես լրացում»:

dddddddddddddddddd.jpg (176 KB)

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Արցախի Անվտանգության զարգացման ճակատ» հանրային շարժման հիմնադիր անդամ Արշակ Աբրահամյանն անդրադարձել է շարժման երիտասարդական թևի և մի խումբ արցախցիների կողմից հուլիսի 18-ին Ասկերան-Ակնա ճանապարհն արգելափակելու բողոքի ակցիային:

«Մենք հստակ նշել ենք որ դա մեզ համար հանդիսանում է կարմիր գիծ․ Արցախը սոցիալապես և տնտեսապես իր կապը պետք է պահի միայն Հայաստանի հետ։ Մեր հիմնական պահանջների մեջ առաջնային է մնում Հակարիի կամրջի վրա ապօրինի տեղադրված ադրբեջանական անցակետի ապամոնտաժումը»,- ասաց Աբրահամյանը՝ հավելելով, որ ստեղծված հումանիտար աղետի պայմաններում որպես կարճաժամկետ և հրատապ լուծում պահանջում են հումանիտար օդային միջանցքի տրամադրում։ 

Աբրահամյանը հավելեց՝ Ադրբեջանի պաշտոնյաների հայտարարությունները Աղդամի ճանապարհով արցախահայերին օգնելու պատրաստակամության մասին ոչ այլ ինչ են, քան շանտաժ ու իրենց ենթարկեցնելու փորձ։ 

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն