Արցախում վառելիքի սուղ պաշարները ևս սպառվել են․ վաղվանից հանրային տրանսպորտի աշխատանքն ամբողջությամբ դադարեցվելու է

Վառելիքի սուղ պաշարները ևս սպառվել են և հուլիսի 25-ից հանրապետության ողջ տարածքում հանրային տրանսպորտի աշխատանքը լրիվությամբ դադարեցվելու է։ Այս մասին հայտնում են Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։ 

Հիշեցնենք, որ Ադրբեջանի կողմից Արցախը շրջափակելու հետևանքով առաջացած վառելիքի գերսղության պայմաններում հուլիսի 18-ից հանրային տրանսպորտը ԱՀ մայրաքաղաք Ստեփանակերտում կաթվածահար վիճակում է, սակայն պահպանվում էին միջշրջանային երթուղիները։ 

2022-ի դեկտեմբերի 12-ից քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ 2023 թվականի ապրիլի 28-ին նրանք հայտարարեցին ճանապարհը բացելու մասին,  քանի որ ապրիլի 23-ին Լաչինի ճանապարհին արդեն անցակետ էին տեղադրել՝ սահմանելով այնտեղ վերահսկողություն։ 

Հունիսի 15-ին, երբ Ադրբեջանի սահմանապահ ծառայության մի խումբ զինծառայողներ, ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու նպատակով, Հակարիի կամրջի ուղղությամբ առաջխաղացման փորձ կատարեցին, հայկական կողմը այն կանխեց, ինչից հետո Ադրբեջանի կողմից արգելվեցին Լաչինի միջանցքով բոլոր հումանիտար փոխադրումները։ Այդպիսով Արցախը ամբողջական շրջափակման մեջ հայտնվեց, ինչի հետևանքով Արցախում հումանիտար ճգնաժամը օր օրի սրվում է։

Լուսանկարը՝ Մարութ Վանյանի/ Ստեփանակերտ

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն