«Եթե կա պատնեշ, ու այն չի բացվում, պետք է կոտրել»․ «Բացում»-ը շարունակում է Արցախի համար պարենի հավաքագրումը

«Բացում» նախաձեռնությունը շարունակում է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտ Արցախի համար հումանիտար բեռների հավաքագրումը, թեեւ այսօր հայտարարվել է, որ կառավարության նախաձեռնությամբ մի քանի տասնյակ բեռնատարներով կենսական անհրաժեշտության մթերքներ են հասել Կոռնիձոր՝ Արցախ մտցնելու համար։ Մինչ այս պահը այս բեռները Լաչինի միջանցքով Արցախ չեն մտել։ Արցախում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի անդամ Կարեն Սարգսյանը հայտնել է, որ մինչ Կոռնիձոր հասնելը՝ կապ են հաստատել ՌԴ խաղաղապահ զորախմբի հետ, որպեսզի նրանց միջոցով բեռները տեղափոխվեն Արցախ, սակայն երեկոյան յոթի դրությամբ պատասխան չի ստացվել։

«Բացում» նախաձեռնության անդամ Նարեկ Այվազյանն Ազատության հրապարակում ամենօրյա հավաքի ժամանակ ասաց, որ կարելի էր կարծել՝ այսօր հավաք պետք է տեղի չունենար, բայց, նրա խոսքով, մեկ օրով ճանապարհը բացելով՝ խնդիրը չի լուծվելու, հետեւաբար պետք է տրամադրվել երկարատեւ պայքարի։

Նշելով, որ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտ շարունակվում է Արցախի համար հումանիտար բեռների հավաքագրումը, նա հնչեցրեց նախաձեռնության հիմնական նպատակները՝

– բացել Բերձորի միջանցքը,

– ապահովել միջանցքի անարգել, անժամկետ, անվտանգ տեղաշարժը մարդկանց եւ բեռների համար,

– համատեղ աշխատել հումանիտար աղետի հետեւանքները վերացնելու համար.

«Այս երեք հիմնական նպատակներին հնարավոր է հասնել քաղաքական որոշման արդյունքում, եւ այս նպատակները միավորում են բոլորին, այդ թվում այստեղ հավաքված մարդկանց եւ իրենց փափուկ տեղերում նստած մարդկանց»,- ասաց Այվազյանը՝ նշելով, որ մարդու հիմնարար իրավունքների համար պայքարը կարեւոր գործ է։

Նա, եւս մեկ անգամ պատասխանելով այն հարցին, թե ինչու են հումանիտար բեռներ հավաքում, երբ այլ խնդիրներ էլ կան մեր առաջ․ ասաց՝ հումանիտար բեռների տեղափոխումը քաղական որոշում կայացնելու արդյունքում է հնարավոր, եւ եթե մի բան իրականացվում է քաղաքական որոշման արդյունքում, հետեւաբար դա քաղաքական հարց է, ինչպես մնացյալ այլ հարցերը։

Նախաձեռնության անդամ Արման Վարդանյանն իր ելույթում հայտարարեց՝ եթե քաղաքացիները որոշում են, որ Լաչինի միջանցքը պետք է բացվի, գործի անխափան, եթե մարդկանց ուղեղներում միանում է այդ նպատակն ու որոշումը, ապա այդպես էլ լինելու է․ «Նույն ճնշման գործիքը շարունակելու ենք մեծացնել, քանի որ դա ինչ-որ նշանակություն ունի, վերջին երկու օրերի դինամիկան ինչ-որ բաներ ասում է դրա մասին»,- նշեց Վարդանյանը՝ ասելով, որ քաղաքացիական շարժումների ամենահզոր կողմը այն է, որ դրանք գիտելիքահեն են, դրանք պարզապես ցույցեր չեն չեն․ «Կարծիքների փոխանակում, մտքի բյուրեղացում, նպատակին հասնելու ճանապարհների ճշգրտում․ սրանք շատ կարեւոր բաներ են, դրա համար մենք բաց ենք, ոչ մի ստվերային գործողություն չենք անում»,- շեշտեց նա՝ հավելելով, որ այս բաց հարթակում մարդիկ կարող են հնչեցնել իրենց առաջարկներն ու խորհուրդները։

Նախաձեռնության անդամ Միքայել Մարգարյանն էլ ասաց, որ սկզբում գուցե մարդկանց թվում էր, որ երեկվա միջոցառումները (Ստեփանակերտի Վերածննդի եւ Երեւանի Ազատության հրապարակներում) պետք է ամփոփեին հարցը, որովհետեւ ամբողջ Արցախը ոտքի էր, Երեւանում էլ մարդիկ համեմատաբար շատ էին․ «Թվացել էր՝ պայքարը կավարտվի եւ հարցն ինքնըստինքյան կլուծվի, բայց այդպես չի լուծվում։ Այո, սայլը տեղից շարժվեց, դա ողջունելի է, բայց իրականում Հայաստանի կառավարությունը պետք է լուծի շատ ավելի մեծ խնդիր, իսկ խաղաղապահները պետք է բացեն միջանցքը։ Հիմա մեր պարտականությունն է այսօր ՄԱԿ գրասնեյակին բերել աշխատանքային ռեժիմի, որ Արցախում ապրողներն ազատվեն շրջափակումից»,- նշեց նա։

Մարգարյանը հշեց, որ 2016թ․-ի այս օրը Արթուր Սարգսյանը՝ Հաց բերող անունով հայտնի, հասկանալով, որ ինչ-որ մի տեղ մի խումբ հայեր մնացել են առանց հացի, իր մեքենայով ճեղքելով ոստիկանական պատնեշը՝ հաց հասցրեց նրանց․ «Այդ խորհրդանիշը մենք պարտավոր ենք հիշել, եթե այսօր Արթուր Սարգսյանը ողջ լիներ, էլի կնստեր իր մեքենան եւ կմտներ այնտեղ, որտեղ հայը կարիք ունի հացի։ Մենք ազգով պիտի օրինակ վերցնենք եւ մեր մեջ ծնենք նոր հաց բերողների։ Մենք պիտի ունենանք այն խիզախությունը, որ եթե կա պատնեշ ու չի բացվում այն, պետք է պատնեշը կոտրել»,- ասաց Մարգարյանը։

Նախաձեռնության անդամ Հասմիկ Իսրայելյանն էլ շարունակեց՝ «Բացում»-ի առաջ դրված նպատակները երկարաժամկետ են, եւ պետք է փոքր քայլերով դեպի մեծ լուծումների գնալ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն