1lurer.am: Լեռնային Ղարաբաղի համար նախատեսված հումանիտար բեռը գրեթե 20 ժամ է, ինչ Կոռնիձորի սահմանային հատվածում է: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասաց ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը:
«Գործընթացը պահանջում է որոշակի ըմբռնում, համբերատար մոտեցում և քայլերի որոշակի հաջորդականություն: Եվ այս պահին մենք որևէ արձագանք դեռ չենք ստացել, սպասում ենք արձագանքի»,- ասաց նա՝ միաժամանակ տեղեկացնելով, որ սահմանված կարգով դիմել են և՛ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերին, և՛ ադրբեջանական կողմին՝ համապատասխան օղակներով:
Լրագրողի ճշտող հարցին՝ այսինքն՝ քար լռությո՞ւն է, Վարդան Սարգսյանն պատասխանեց. «Կարող ենք նաև այդպես ասել, թերևս»:
Հիշեցնենք, որ երեկ մարդասիրական օգնությամբ բեռնված երկու տասնյակ բեռնատար 400 տոննա հումանիտար օգնություն հասցվեց մինչև Կոռնիձոր, որտեղից ռուս խաղաղապահների միջոցով պետք է փոխանցվեր արդեն 228 օր շրջափակման մեջ գտնվող Լեռնային Ղարաբաղի ժողովրդին, սակայն Ադրբեջանը մինչ այս պահը թույլ չի տալիս հումանիտար բեռների մուտքը Արցախ։
Մինչ բեռնատարների շարժվելը, դրանք բացվեցին Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետական ներկայացուցչությունների պատվիրակների ներկայությամբ՝ ցույց տալու, որ բեռնատարները բեռնված են բացառապես հումանիտար օգնությամբ, իսկ Հայաստանում ԵՄ առաքելության ղեկավարը դիտորդների հետ հետևեց բեռների՝ դեպի Լաչինի միջանցքի մուտք տանող ճանապարհի երթևեկությանը։
Ադրբեջանի ԱԳՆ-ն «սադրանք» որակեց Կոռնիձորով Արցախ հումանիտար օգնություն ուղարկելու փորձը՝ «ՀՀ-ից պահանջելով դադարեցնել նմանօրինակ սադրանքները»։ «Հայկական կողմը առանց մեր երկրի հետ համաձայնության «մարդասիրական բեռի» անվան տակ ավտոշարասյուններ է ուղարկում Ադրբեջանի ինքնիշխան տարածքներ, դա հարձակում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ ու հերթական սադրանքն է Լաչինի սահմանային կետի դեմ»,-նշեցին Ադրբեջանի ԱԳՆ-ից։
Ադրբեջանական կողմը նաև շարունակում է պնդել, թե Արցախ հումաիտար բեռ կարող է տեղափոխվել Աղդամ-Ստեփանակերտ ճանապահով, ինչին, սակայն, հայկական կողմը դեմ է։