Ադրբեջանը իր քայլերով ցույց է տալիս, որ կեղտոտ խաղ էր խաղում ու խաբում միջազգային հանրությանն այս ամիսներին․ Ալեն Սիմոնյան

Ադրբեջանն ամիսներ շարունակ խաբում էր միջազգային հանրությանը, թե Լաչինի միջանցքը բաց է հումանիտար նպատակներով շարժի համար։ Հայաստանից ուղարկված հումանիտար բեռները Լեռնային Ղարաբաղ չթողնելով ու իր հայտարարություններով՝ Ադրբեջանն ապացուցում է, որ կեղտոտ խաղ էր խաղում այս ամիսներին: Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Ամիսներ շարունակ Ադրբեջանը խաբում էր միջազգային հանրությանը` հավատացնելու, թե դեպի շրջափակված Լեռնային Ղարաբաղ ու Լեռնային Ղարաբաղից մարդկանց և ապրանքների մարդասիրական տեղաշարժի համար Լաչինի միջանցքը բաց է: Միջանցքի մուտքի մոտ մարդասիրական բեռնատարների շարասյունը կանգնեցնելով և  արհամարհական հայտարարությունն անելով այն մասին, թե «խաղն ավարտված է»՝ Ադրբեջանն ապացուցում է, որ կեղտոտ խաղ էր խաղում և ստում էր այս բոլոր ամիսներին»,- նշել է Սիմոնյանը:

Հիշեցնենք, որ երեկ մարդասիրական օգնությամբ բեռնված երկու տասնյակ բեռնատար 400 տոննա հումանիտար օգնություն հասցվեց մինչև Կոռնիձոր, որտեղից ռուս խաղաղապահների միջոցով պետք է փոխանցվեր արդեն 228 օր շրջափակման մեջ գտնվող Լեռնային Ղարաբաղի ժողովրդին, սակայն Ադրբեջանը մինչ այս պահը թույլ չի տալիս հումանիտար բեռների մուտքը Արցախ։ 

Մինչ բեռնատարների շարժվելը, դրանք բացվեցին Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետական ներկայացուցչությունների պատվիրակների ներկայությամբ՝ ցույց տալու, որ բեռնատարները բեռնված են բացառապես հումանիտար օգնությամբ, իսկ Հայաստանում ԵՄ առաքելության ղեկավարը դիտորդների հետ հետևեց բեռների՝ դեպի Լաչինի միջանցքի մուտք տանող ճանապարհի երթևեկությանը։

Ադրբեջանի ԱԳՆ-ն «սադրանք» որակեց Կոռնիձորով Արցախ հումանիտար օգնություն ուղարկելու փորձը՝ «ՀՀ-ից պահանջելով դադարեցնել նմանօրինակ սադրանքները»։ «Հայկական կողմը առանց մեր երկրի հետ համաձայնության «մարդասիրական բեռի» անվան տակ ավտոշարասյուններ է ուղարկում Ադրբեջանի ինքնիշխան տարածքներ, դա հարձակում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ ու հերթական սադրանքն է Լաչինի սահմանային կետի դեմ»,-նշեցին Ադրբեջանի ԱԳՆ-ից։

Ադրբեջանական կողմը նաև շարունակում է պնդել, թե Արցախ հումաիտար բեռ կարող է տեղափոխվել Աղդամ-Ստեփանակերտ ճանապահով, ինչին, սակայն, հայկական կողմը դեմ է։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն