factor.am: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է Մոսկվայի մարզում անօդաչու թռչող սարքի խոցման մասին, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Հաղորդագրության մեջ ասվում է. «Այսօր առավոտյան խափանվել է Մոսկվայի շրջանի օբյեկտների վրա Կիևի ռեժիմի կողմից անօդաչու թռչող սարքով ահաբեկչություն իրականացնելու փորձը։ Անօդաչու թռչող սարքը ոչնչացվել է հակաօդային պաշտպանության միջոցով։ Խափանված ահաբեկչության հետևանքով զոհեր և ավերածություններ չկան»։
Ուկրաինական կողմը դեռևս չի մեկնաբանել այս հայտարարությունները։ Հավելենք, որ սա արդեն երրորդ հարձակումն է Մոսկվայի շրջանի վրա մեկ ամսվա ընթացքում։ Հուլիսի 24-ին Սոբյանինը հայտնել էր երկու անօդաչու թռչող սարքերի հարձակման մասին. դրանցից մեկը բախվել էր Լիխաչովի պողոտայում՝ ՊՆ շտաբի մոտ գտնվող բարձրահարկ շենքին, երկրորդն ընկել է Կոմսոմոլսկի պողոտայում՝ Ալեքսանդր Նևսկու անվան ռազմական համալսարանի ու կիբերհարձակման շտաբի մոտերքում, որտեղ, ըստ հետաքննիչ-լրագրողների, բազավորված է FancyBear հաքերային խումբը: Մինչ այդ, ՌԴ իշխանությունները նաև հուլիսի 4-ին էին հայտնել մայրաքաղաքի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման փորձի մասին։ Այն ժամանակ հաղորդվեց Մոսկվային մոտենալիս խոցված չորս սարքավորման մասին։ Դրանցից մեկն ընկել է Մոսկվայի մարզի Օդինցովո շրջանի տարածքում։