azatutyun.am: Ադրբեջանը դեռևս չի ցանկանում հստակ սահմանագիծ ամրագրել Հայաստանի և Ադրբեջանի միջև, ինչը թույլ է տալիս Երևանին կասկածներ ունենալ, որ Բաքուն հեռավար նպատակներ ունի և հետագա տարածքային պահանջներ կարող է ներկայացնել Հայաստանի Հանրապետության նկատմամբ, «Ազատության» հետ զրույցում ասաց Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը։
Կոստանյանի հետ հարցազրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև․
«Ազատություն»․ – Պարոն Կոստանյան, եթե նոյեմբերի 9-ի փաստաթուղթը գրեթե ամբողջությամբ բոլոր կետերով խախտվել է, Երևանը տեսնո՞ւմ է խաղաղության պայմանագիր Մոսկվայի հովանու ներքո կնքելու հնարավորություն, որովհետև նորից կանչում են, ասում են՝ եկեք մեզ մոտ կնքեք այդ պայմանագիրը։
Կոստանյան․ – Հայաստանի Հանրապետությունը պատրաստակամ է և շարունակելու է ջանքեր իրականացնել՝ Հարավային Կովկասում խաղաղություն և կայունություն կառուցելու համար, և այս գործընթացներում մենք բարձր ենք գնահատում մեր բոլոր գործընկերների ջանքերը, ովքեր ուզում են տեսնել կայուն և խաղաղ Հարավային Կովկաս։
«Ազատություն»․ – Եվ չի դնում խտրություն միջնորդների հարցում։
Կոստանյան․ – Կարծում եմ, որ արդեն նշեցի։
«Ազատություն»․ – Այս տարի իրատեսակա՞ն է այդ փաստաթղթի կնքումը։
Կոստանյան․ – Հայաստանի Հանրապետությունը շատ բարեխղճորեն է բանակցում և կառուցողական է, որպեսզի այս համաձայնագիրը կնքվի։
«Ազատություն»․ – Գլխավոր խոչընդոտը ո՞րը կանվանեիք այսօր։
Կոստանյան․ – Ըստ էության, կարելի է երկու խումբ խոչընդոտներ ընդգծել, առաջին խումբ խոչընդոտները կապված են նրա հետ, որ Ադրբեջանը դեռևս չի ցանկանում հստակ սահմանագիծ ամրագրել Հայաստանի և Ադրբեջանի միջև, ինչը թույլ է տալիս մեզ կասկածներ ունենալ, որ Ադրբեջանը հեռավար նպատակներ ունի և հետագա տարածքային պահանջներ կարող է ներկայացնել Հայաստանի Հանրապետության նկատմամբ, և հենց այս պատճառով է, որ մեզ համար արձանագրումը սահմանագծի և, մասնավորապես, 1975 թվականի Խորհրդային միության գլխավոր շտաբի քարտեզների արձանագրումը որպես հետագա սահմանազատման գործընթացի հիմք, շատ կարևոր է, և երկրորդ խումբ հարցերը, բնականաբար, կապված են Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և երաշխիքների համար միջազգային մեխանիզմի ստեղծմանը։
«Ազատություն»․ – Այդ դրույթը կարո՞ղ է տեղ չգտնել խաղաղության պայմանագրում, այսինքն՝ առանց դրա առաջ գնաք։
Կոստանյան․ – Այս պահին շարունակվում են քննարկումները, մեզ համար կարևոր է հենց մեխանիզի ստեղծումը, թե պրակտիկ առումով դա ինչպիսին կլինի, դեռևս վաղ է ասել։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ այստեղ։