ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներն արդեն Սյունիքի Կոռնիձոր գյուղում են, որտեղ մոտ 2 օր է՝ 19 բեռնատար սպասում է հումանտար բեռն Արցախ հասցնելու համար։
Դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին ուղեկցում է Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։
«Նրանք այստեղ են տեղում տեսնելու իրավիճակը, տեսնելու, որ հումանիտար բեռը, որ նախատեսված է մեր արցախահայերի համար, դեռ կանգնած է։ Եվ ի հեճուկս նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ու ՄԱԿ-ի Միջազգային դատարանի իրավաբանորեն պարտադիր ուժ ունեցող որոշումների շարունակում է կանգնած մնալ և Ադրբեջանն արգելափակում է Լաչինի միջանցքով բեռների անխափան մուտքը Լեռնային Ղարաբաղ», – լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը։
Նա նշեց, որ որևէ դրական զարգացում չկա։ «Մենք շարունակելու ենք աշխատանքներ տանել, որպեսզի, ի վերջո, Ադրբեջանը կյանքի կոչի այն պարտավորությունները, որոնք ինքը միջազգայնորեն ստանձնել է։ Այս ուղղությամբ շատ կարևոր է մեր միջազգային գործընկերների հավելյալ ճնշումը Ադրբեջանի իշխանությունների վրա։ Այս օրերի ընթացքում արդեն իսկ տեսանք որոշ հայտարարություններ տարբեր գործընկերների կողմից, բայց կարծում ենք, որ դա բավարար չէ, և անհրաժեշտ է, որ միջազգային հանրությունը միասնական ճակատով հանդես գա, և ոչ միայն ազդակներ ուղղի Ադրբեջանի իշխանություններին, այլ նաև անհրաժեշտության դեպքում քայլեր ձեռնարկի, որոնք թույլ կտան ապահովել Լաչինի միջանցքով հումանիտար բեռի և ընդհանրապես, մարդկանց, բեռների և մեքենաների անխափան անցումը», – ասաց փոխարտգործնախարարը։
Հարցին, թե եղե՞լ է նախաձեռնություն հայկական կողմից անձամբ դիմել Ադրբեջանին՝ այս բեռները Ստեփանակերտ հասցնելու համար, Կոստանյանը պատասխանեց․ – «Նման նախաձեռնություն չի եղել։ Սակայն, այս ամիսների ընթացքում՝ դեկտեմբերից սկսած, բոլոր հանդիպումների ժամանակ մշտապես հայկական կողմը բարձրացրել է Լաչինի միջանցքի ապաշրջափակման հարցը։
Հիշեցնենք, որ հուլիսի 26-ին երկու տասնյակ բեռնատար 400 տոննա հումանիտար օգնություն հասրցեց մինչև Կոռնիձոր, որտեղից ռուս խաղաղապահների միջոցով պետք է փոխանցվեր արդեն 228 օր շրջափակման մեջ գտնվող Լեռնային Ղարաբաղի ժողովրդին, սակայն Ադրբեջանը մինչ այս պահը թույլ չի տալիս հումանիտար բեռների մուտքը Արցախ։
Մինչ բեռնատարների շարժվելը, դրանք բացվեցին Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետական ներկայացուցչությունների պատվիրակների ներկայությամբ՝ ցույց տալու, որ բեռնատարները բեռնված են բացառապես հումանիտար օգնությամբ, իսկ Հայաստանում ԵՄ առաքելության ղեկավարը դիտորդների հետ հետևեց բեռների՝ դեպի Լաչինի միջանցքի մուտք տանող ճանապարհի երթևեկությանը։
Ադրբեջանի ԱԳՆ-ն «սադրանք» որակեց Կոռնիձորով Արցախ հումանիտար օգնություն ուղարկելու փորձը՝ «ՀՀ-ից պահանջելով դադարեցնել նմանօրինակ սադրանքները»։ «Հայկական կողմը առանց մեր երկրի հետ համաձայնության «մարդասիրական բեռի» անվան տակ ավտոշարասյուններ է ուղարկում Ադրբեջանի ինքնիշխան տարածքներ, դա հարձակում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ ու հերթական սադրանքն է Լաչինի սահմանային կետի դեմ»,-նշեցին Ադրբեջանի ԱԳՆ-ից։
Ադրբեջանական կողմը նաև շարունակում է պնդել, թե Արցախ հումաիտար բեռ կարող է տեղափոխվել Աղդամ-Ստեփանակերտ ճանապահով, ինչին, սակայն, հայկական կողմը դեմ է։