Ադրբեջանը սովամահության է մատնել ԼՂ բնակչությանը և խոսում է ինտեգրացիայի մասին․ Սյունիքի մարզպետը՝ դեսպաններին |armenpress.am|

armenpress.am: Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին, որոնք այցելել էին Կոռնիձոր, ուր կանգնած են Հայաստանից Լեռնային Ղարաբաղ ուղարկված հումանիտար օգնությամբ բեռնատարները, ներկայացրեց իրավիճակը, Լեռնային Ղարաբաղում օր օրի սրվող հումանիտար ճգնաժամն ու այդ ամենին Ադրբեջանի ոչ ադեկվատ արձագանքը:

Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ի թղթակիցը, մարզպետը նախ շնորհակալություն հայտնեց դիվանագետներին, որ եկել են տեղում ծանոթանալու իրավիճակին, ապա անձամբ ցույց տվեց, թե որ հատվածում է գտնվում Հակարիի կամուրջը, որտեղ Ադրբեջանն ապօրինի անցակետ է տեղադրել ու արգելափակել է Լաչինի միջանցքը՝ թույլ չտալով, որ նույնիսկ հումանիտար մատակարարումները հասնեն Լեռնային Ղարաբաղի ժողովրդին։

«Դուք կարող եք տեսնել՝ հումանիտար բեռներով մեքենաները տևական ժամանակ է, ինչ գտնվում են այստեղ: Մինչև այս պահը մենք շատ փոքր ծավալով դեղորայք ու սննդամթերք ուղարկել ենք Արցախ, բայց վերջին ժամանակներում ընդհանրապես անհնար է որևէ բան ուղարկել: Մեքենաներն այստեղ կանգնած են, և անհնար է դառնում այս հումանիտար բեռների տեղափոխումը սահմանից այն կողմ»,-ներկայացրեց Ղուկասյանը:

Մարզպետն ընդգծեց՝ Արցախում քաղցած են մարդիկ, քաղցած են երեխաները, իսկ Ադրբեջանն այդ ամենին արձագանքում է ինտեգրացիայի մասին խոսելով։

«Սակայն այդ ինտեգրացիային արդյոք սովամահության հասցնելու ճանապարհո՞վ են ուզում հասնել: Դա անընդունելի է բոլորիս համար: Այս հումանիտար բեռը պետք է հասնի այն մարդկանց, որոնք անհամբեր սպասում են, որոնք սոված են: Այլապես մենք բոլորս լուռ ականատես ենք լինելու, թե ինչպես է իրավիճակն ամեն վայրկյան վատթարանում»,-ասաց մարզպետը՝ դիմելով դիվանագետներին:

Հիշեցնենք, որ հուլիսի 26-ին երկու տասնյակ բեռնատար 400 տոննա հումանիտար օգնություն հասցրեց մինչև Կոռնիձոր, որտեղից ռուս խաղաղապահների միջոցով պետք է փոխանցվեր արդեն 228 օր շրջափակման մեջ գտնվող Լեռնային Ղարաբաղի ժողովրդին, սակայն Ադրբեջանը մինչ այս պահը թույլ չի տալիս հումանիտար բեռների մուտքը Արցախ։ 

Մինչ բեռնատարների շարժվելը, դրանք բացվեցին Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետական ներկայացուցչությունների պատվիրակների ներկայությամբ՝ ցույց տալու, որ բեռնատարները բեռնված են բացառապես հումանիտար օգնությամբ, իսկ Հայաստանում ԵՄ առաքելության ղեկավարը դիտորդների հետ հետևեց բեռների՝ դեպի Լաչինի միջանցքի մուտք տանող ճանապարհի երթևեկությանը։

Ադրբեջանի ԱԳՆ-ն «սադրանք» որակեց Կոռնիձորով Արցախ հումանիտար օգնություն ուղարկելու փորձը՝ «ՀՀ-ից պահանջելով դադարեցնել նմանօրինակ սադրանքները»։ «Հայկական կողմը առանց մեր երկրի հետ համաձայնության «մարդասիրական բեռի» անվան տակ ավտոշարասյուններ է ուղարկում Ադրբեջանի ինքնիշխան տարածքներ, դա հարձակում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ ու հերթական սադրանքն է Լաչինի սահմանային կետի դեմ»,-նշեցին Ադրբեջանի ԱԳՆ-ից։

Ադրբեջանական կողմը նաև շարունակում է պնդել, թե Արցախ հումաիտար բեռ կարող է տեղափոխվել Աղդամ-Ստեփանակերտ ճանապահով, ինչին, սակայն, հայկական կողմը դեմ է։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն