azatutyun.am: Բաքուն շարունակում է պնդել, թե «Արցախի զինված ուժերը ճնշում են թռիչքներ իրականացնող քաղաքացիական օդանավերի GPS տեղորոշման համակարգերը», ինչի հետևանքով ստեղծվում է «լուրջ սպառնալիք թռիչքների անվտանգությանը»։
Ադրբեջանի պաշտպանության նախարարն այսօր ծառայողական խորհրդակցություն է անցկացրել և հանձնարարականներ տվել «օդանավերի անվտանգությունն ապահովելու» ուղղությամբ։ Զաքիր Հասանովի հանձնարարականից ժամեր առաջ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին հայտարարել էր, որ «Արցախի զինված ուժերի գործողությունների հետևանքով» անցած օրերին քաղաքացիական թռիչքներ իրականացնող օդանավերի GPS արբանյակային նավիգացիոն համակարգում անսարքություններ են եղել:
Ադրբեջանի ՊՆ-ն երեկ ապատեղեկատվություն էր տարածել, թե իբր ՊԲ համապատասխան ստորաբաժանումները հուլիսի 24-ից հուլիսի 27-ն ընկած ժամանակահատվածում ճնշել են Արցախի օդային տարածքով թռիչքներ իրականացնող քաղաքացիական օդանավերի GPS տեղորոշման համակարգերը, ինչի հետևանքով ստեղծվում է լուրջ սպառնալիք թռիչքների անվտանգության համար: