Մտահոգված ենք լուրով, որ ԿԽՄԿ ուղեկցությամբ Լեռնային Ղարաբաղից բուժման նպատակով Հայաստան տեղափոխվող 68-ամյա բուժառուին ապօրինի տեղադրված հսկիչ-անցագրային կետից առևանգել են Ադրբեջանի սահմանապահ ծառայության աշխատակիցները՝ թվիթերյան միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը:
«Միջազգային մարդասիրական պաշտպանության ներքո գտնվող անձի առևանգումը միջազգային մարդասիրական իրավունքի աղաղակող խախտում է»,- գրել է Բադալյանը:
Հիշեցնենք, որ Ադրբեջանը արգելանքի է վերցրել այսօր ԿԽՄԿ միջոցով բուժման նպատակով ՀՀ տեղափոխվող 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին:
Ադրբեջանի գլխավոր դատախազությունն ավելի ուշ հայտնեց Վագիֆ Խաչատրյանին կալանավորելու մասին։ Դատախազությունը հայտնում է, թե, իբր, Խաչատրյանը մեղադրվում է հանցավոր խմբավորման հետ գործելու մեջ, որը 1991 թ․ դեկտեմբերի 22-ին կազմակերպել և Խոջալուի շրջանի Մեշալի գյուղի ադրբեջանցիների դեմ իրականացրել է հանցագործություններ, ինչպես նաև, ոչնչացնելով գյուղացիներին պատկանող գույքը, պետությանը խոշոր չափի վնաս է հասցրել։
Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին մեկնաբանել է Ադրբեջանի կողմից արցախցի բուժառուին արգելանքի տակ վերցնելու լուրը՝ նշելով, որ նման գործողությունների պարագայում, երբ մարդկանց տեղափոխում պետք է իրականացվի, իրենք նախապես համաձայնություն են ստանում, որպեսզի հնարավոր լինի ընթացքն ապահով կազմակերպել։ Այսօրվա գործողությունն այդ առումով բացառություն չի եղել և նույն կերպ է կատարվել։ Մինչ օրս նման նախադեպ չի եղել։