Սամանթա Փաուերը մտահոգիչ է համարում ԼՂ-ում ստեղծված իրավիճակը և կոչ է անում բացել միջանցքը |civilnet.am|

civilnet.am: ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանթա Փաուերն անդրադարձել է Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակին։

«Լեռնային Ղարաբաղում սննդի բացակայությունն ու դեղորայքի պակասը շատ մտահոգիչ է։ Լաչինի միջանցքը կարևոր նշանակություն ունի ԼՂ ժողովրդին կենսական անհրաժեշտ ապրանքներ մատակարարելու համար։ Ես միանում եմ պետքարտուղար Բլինքենի՝ միջանցքով առևտրային և մարդասիրական բեռների ազատ տեղաշարժն ապահովելու կոչին»,- Թվիթերի իր էջում գրել է Սամանթա Փաուերը։

Հիշեցնենք, որ 2022-ի դեկտեմբերի 12-ից քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ 2023 թվականի ապրիլի 28-ին նրանք հայտարարեցին ճանապարհը բացելու մասին,  քանի որ ապրիլի 23-ին Լաչինի ճանապարհին արդեն անցակետ էին տեղադրել՝ սահմանելով այնտեղ վերահսկողություն։ 

Հունիսի 15-ին, երբ Ադրբեջանի սահմանապահ ծառայության մի խումբ զինծառայողներ, ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու նպատակով, Հակարիի կամրջի ուղղությամբ առաջխաղացման փորձ կատարեցին, հայկական կողմը սադրանքը կանխեց, ինչից հետո Ադրբեջանի կողմից արգելվեցին Լաչինի միջանցքով բոլոր հումանիտար փոխադրումները՝ այդ թվում՝ ռուս խաղաղապահների ու ԿԽՄԿ միջնորդությամբ հումանիտար օգնության փոխադրումը։ Այդպիսով Արցախը ամբողջական շրջափակման մեջ հայտնվեց, ինչի հետևանքով Արցախում հումանիտար ճգնաժամը օր օրի սրվում է։

Հուլիսի 29-ին Ադրբեջանն առևանգեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ բուժման նպատակով Արցախից Հայաստան տեղափոխվող քաղաքացիներից մեկին՝ 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին՝ հայտարարելով, թե Խաչատրյանը 1991 թվականին կազմել է հանցավոր խումբ և մասնակցել Խոջալուի շրջանի Մեշալի գյուղի բնակչության դեմ հանցագործություններին։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն