Արցախում առաջիկա երկու-երեք օրերին որոշակիորեն կրճատվելու է հացի արտադրանքի ծավալը

Արցախում առաջիկա երկու-երեք օրերին որոշակիորեն կրճատվելու է հացի արտադրանքի ծավալը։ Այս մասին հայտնում են Արցախի գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամից։ 

«Նկատի ունենալով, որ վերջին շրջանում հացի պահանջարկը զգալիորեն ավելացել է, ալրաղացները ալյուր արտադրում են հնձվող ցորենից, իսկ տեղումների պատճառով ցորենի բարձր խոնավությամբ պայմանավորված ալյուրի արտադրման գործընթացը ընթանում է դանդաղ ու զուգորդվում է չորացման հավելյալ աշխատանքներով՝ այդ պատճառով առաջիկա երկու-երեք օրերին որոշակիորեն կրճատվելու է հացի արտադրանքի ծավալը:

Շրջանառվող տեղեկություններն այն մասին, թե իբր հաց չի լինելու, իրականությանը չեն համապատասխանում: Խնդրում ենք հատկապես այս օրերին հացի գնումները կատարել չափավոր, որպեսզի նվազագույն չափով ապահովվելու հնարավորություն ունենան բոլորը»,- ասված է հաղորդագրության մեջ։ 

Հիշեցնենք, որ 2022-ի դեկտեմբերի 12-ից քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ 2023 թվականի ապրիլի 28-ին նրանք հայտարարեցին ճանապարհը բացելու մասին,  քանի որ ապրիլի 23-ին Լաչինի ճանապարհին արդեն անցակետ էին տեղադրել՝ սահմանելով այնտեղ վերահսկողություն։ 

Հունիսի 15-ին, երբ Ադրբեջանի սահմանապահ ծառայության մի խումբ զինծառայողներ, ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու նպատակով, Հակարիի կամրջի ուղղությամբ առաջխաղացման փորձ կատարեցին, հայկական կողմը այն կանխեց, ինչից հետո Ադրբեջանի կողմից արգելվեցին Լաչինի միջանցքով բոլոր հումանիտար փոխադրումները՝ այդ թվում՝ ռուս խաղաղապահների ու ԿԽՄԿ միջնորդությամբ հումանիտար օգնության փոխադրումը։ Այդպիսով Արցախը ամբողջական շրջափակման մեջ հայտնվեց, ինչի հետևանքով Արցախում հումանիտար ճգնաժամը օր օրի սրվում է։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն