2 բեռնատար քաղցրավենիք՝ ԼՂ երեխաներին. արդեն 21 բեռնատար է Կոռնիձորի սահմանային հատվածում |1lurer.am|

1lurer.am: 8-րդ օրն է՝ Հայաստանից Լեռնային Ղարաբաղ ուղարկվելիք 360 տոննա մարդասիրական օգնությունը Կոռնիձորի սահմանային հատվածում է: Հայկական կողմը սպասում է, որ բեռները փոխանցվեն Ռուսաստանի խաղաղապահ զորախմբին՝ Լեռնային Ղարաբաղ հասցնելու համար:

19 բեռնատարներին միացել են ևս 2-ը՝ բեռնված միայն քաղցրավենիքով։

««Գրանդ Քենդի» ընկերությունը Լեռնային Ղարաբաղի երեխաների համար նախատեսված 2 բեռնատար քաղցրավենիք է ուղարկել, որոնք հասել են Կոռնիձոր», – հայտնել է ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը։

Հիշեցնենք, որ հուլիսի 26-ին երկու տասնյակ բեռնատար 400 տոննա հումանիտար օգնություն հասցրեց մինչև Կոռնիձոր, որտեղից ռուս խաղաղապահների միջոցով պետք է փոխանցվեր արդեն 228 օր շրջափակման մեջ գտնվող Լեռնային Ղարաբաղի ժողովրդին, սակայն Ադրբեջանը մինչ այս պահը թույլ չի տալիս հումանիտար բեռների մուտքը Արցախ։ 

Մինչ բեռնատարների շարժվելը, դրանք բացվեցին Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետական ներկայացուցչությունների պատվիրակների ներկայությամբ՝ ցույց տալու, որ բեռնատարները բեռնված են բացառապես հումանիտար օգնությամբ, իսկ Հայաստանում ԵՄ առաքելության ղեկավարը դիտորդների հետ հետևեց բեռների՝ դեպի Լաչինի միջանցքի մուտք տանող ճանապարհի երթևեկությանը։

Ադրբեջանի ԱԳՆ-ն «սադրանք» որակեց Կոռնիձորով Արցախ հումանիտար օգնություն ուղարկելու փորձը՝ «ՀՀ-ից պահանջելով դադարեցնել նմանօրինակ սադրանքները»։ «Հայկական կողմը առանց մեր երկրի հետ համաձայնության «մարդասիրական բեռի» անվան տակ ավտոշարասյուններ է ուղարկում Ադրբեջանի ինքնիշխան տարածքներ, դա հարձակում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ ու հերթական սադրանքն է Լաչինի սահմանային կետի դեմ»,-նշեցին Ադրբեջանի ԱԳՆ-ից։

Ադրբեջանական կողմը նաև շարունակում է պնդել, թե Արցախ հումաիտար բեռ կարող է տեղափոխվել Աղդամ-Ստեփանակերտ ճանապահով, ինչին, սակայն, հայկական կողմը դեմ է։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն