Արարատ Միրզոյանը Ժոզեպ Բորելի հետ քննարկել է Արցախում եւ Լաչինի միջացքում ստեղծված իրավիճակը

Օգոստոսի 2-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բոռելի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ:

Քննարկվել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ահագնացող հումանիտար ճգնաժամը:

Արարատ Միրզոյանը շեշտել է Լաչինի միջանցքի արգելափակման անհապաղ վերացման հրամայականը` համաձայն Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի որոշումների, և ԼՂ սննդի, դեղորայքի և առաջնային անհրաժեշտության այլ ապրանքների մատակարարման հրատապությունը: Ընդգծվել է ԼՂ մուտք ունեցող միակ միջազգային հումանիտար կազմակերպության՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի լիարժեք և անխափան գործունեության ապահովման անհրաժեշտությունը։ ԱԳ նախարարը միջազգային հումանիտար իրավունքի կոպտագույն խախտում է որակել ԼՂ-ից բժշկական նպատակով Հայաստան տեղափոխվող Վագիֆ Խաչատրյանի՝ Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների կողմից առևանգման դեպքը:

Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը վերահաստատել է ԼՂ ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերի՝ միջազգային մեխանիզմի ներքո հասցեագրման կարևորության հարցում հայկական կողմի դիրքորոշումը: Ընդգծվել է միջազգային գործընկերների կողմից հստակ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը՝ կանխելու Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից էթնիկ զտմանն ուղղված գործողությունները։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն