ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում ավարտվել է «Hummer» մակնիշի ավտոմեքենայի 26-ամյա վարորդի կողմից խուլիգանություն կատարելու, գույք վնասելու, տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունենալու պարագայում, ոչ սթափ վիճակում, տրանսպորտային միջոց վարելու, ոստիկանների օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու և թմրամիջոցների՝ առանց իրացնելու նպատակի ապօրինի շրջանառության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։
Նախաքննության ընթացքում իրականացված անհրաժեշտ քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի բոլոր հանգամանքները:
Քննությամբ հիմնավորվել է, որ 26-ամյա երիտասարդը 2023 թվականի փետրվարի 10-ին՝ ժամը 22:50-ի սահմաններում, «մետամֆետամին» տեսակի թմրամիջոց գործածելու արդյունքում գտնվելով ոչ սթափ վիճակում, հասարակության, իրավական և բարոյական նորմերի նկատմամբ ցուցաբերելով բացահայտ արհամարհական վերաբերմունք, չունենալով տրանսպորտային միջոց վարելու իրավունք, հոր անվամբ հաշվառված «Hummer» մակնիշի ավտոմեքենայով Երևանի փողոցներում կատարել է խուլիգանություն, որի ընթացքում վնասել է ինչպես ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության, այնպես էլ՝ քաղաքացիական անձանց պատկանող ավտոմեքենաներ՝ պատճառելով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս, ինչպես նաև պաշտոնատար անձանց օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով վերջիններիս նկատմամբ գործադրել է բռնություն:
Բացի այդ, երիտասարդը, քննությամբ դեռևս չպարզված անձից և հանգամանքներում, առանց իրացնելու նպատակի՝ իր անձնական օգտագործման համար, ապօրինի ձեռք է բերել և իր մոտ ապօրինի պահել խոշոր չափերի՝ 0,62 գրամ հաստատուն քաշով «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց, ինչն էլ հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ԵՔՎ Կենտրոնական բաժնում կատարված անձնական խուզարկությամբ:
Նախաքննության ընթացքում կատարվել են մեծածավալ քննչական գործողություններ, խուզարկություններ, հարցաքննություններ, որոնց ընթացքում մեղադրյալը մատնացույց է արել այն վայրը, որտեղից վերցրել է «Մեթամֆետամին» տեսակի թմրանյութը։ Կատարված խուզարկությամբ երիտասարդի բնակության վայրից հայտնաբերվել և վերցվել է 2 օգտագործված ներարկիչ և 2 հատ օգտագործված ապակյա սրվակ։ «Համմեր» մակնիշի ավտոմեքենայի խուզարկությամբ սրահից հայտնաբերվել և վերցվել է 1 օգտագործված ներարկիչ և 1 հատ ապակյա սրվակ, ինչպես նաև՝ 2 հատ օգտագործված ապակյա սրվակ։
Համաձայն ՀՀ ԱՆ ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննության եզրակացության՝ երիտասարդի մոտ ինչպես իրավախախտումները կատարելիս, այնպես էլ՝ ներկայումս հայտնաբերվել և հայտնաբերվում է հոգեկան /ոչ փսիխոտիկ և վարքային խանգարումներ թմրանյութերի և այլ հոգեակտիվ նյութերի համակցված գործածման հետևանքով, որը արտահայտված չէ այն աստիճանի և չի ուղեկցվում ակտիվ հոգեախտաբանական ախտանիշներով, մտավոր, հիշողության կոպիտ խանգարումներով, որ ինչպես իրավախախտումները կատարելիս, այնպես էլ՝ ներկայումս, զրկեր և զրկի նրան գիտակցել իր գործողությունների բնույթը, վտանգավորությունը, հաշիվ տալ իրեն կատարած արարքների համար և ղեկավարել դրանք:
Բացի այդ, ըստ փորձագիտական եզրակացության, իրավախախտումը կատարելիս երիտասարդը չի գտնվել նաև հոգեկան գործունեության որևէ ժամանակավոր հիվանդագին խանգարված վիճակում, որը կարող էր զրկել նրան գիտակցել իր գործողությունների վտանգավորությունը և ղեկավարել դրանք, այլ գտնվել է «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցի ներգործության տակ: Փորձաքննության եզրակացությամբ երիտասարդը ճանաչվել է մեղսունակ:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ 26-ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանություն), 264-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (գույքը ոչնչացնելը կամ վնասելը, որը առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս է պատճառել), 344-րդ հոդվածի 2-րդ մասով (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող անձի կողմից հարբած (ոչ սթափ) վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ այդ անձի կողմից սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը), 452-րդ հոդվածի 3-րդ մասով (Պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու նպատակով պաշտոնատար անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի կամ նշված անձանց դաստիարակության, խնամքի կամ հսկողության տակ գտնվողի նկատմամբ բռնություն գործադրելը) և 396-րդ հոդվածի 2-րդ մասով (Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների կամ պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի, որը կատարվել է խոշոր չափերով):
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը։
Նախաքննությունն ավարտվել է, հսկող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը, և քրեական վարույթի նյութերն ուղւարկվել են դատարան՝ ըստ էության քննելու համար։
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: