Կապված Արցախի լիակատար պաշարման ու դրանից բխող հետևանքների հետ՝ Արցախի Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամում ալյուրի պարկերի խիստ պակաս է զգացվում, որոնք անհրաժեշտ են աղացած ալյուրը պարկավորելու, հացի արտադրամասեր տեղափոխելու, ինչպես նաև պահեստավորելու համար։ Այս մասին տեղեկացնում է Արցախի Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամը։
«Բոլորիս համար այս դժվար պահին հացի արտադրության և ալյուրի պահեստավորման գործընթացը բնականոն հունով կազմակերպելու համար խնդրում և հորդորում ենք` բոլոր այն քաղաքացիները, ովքեր ունեն և կարող են ԱՀ ԳԳԱ հիմնադրամին տրամադրել պարկեր, դիմեն հիմնադրամ կամ զանգահարեն 097 11 66 08 հեռախոսահամարով»,- նշում են հիմնադրամից։
Հիշեցնենք, որ 2022-ի դեկտեմբերի 12-ից քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ 2023 թվականի ապրիլի 28-ին նրանք հայտարարեցին ճանապարհը բացելու մասին, քանի որ ապրիլի 23-ին Լաչինի ճանապարհին արդեն անցակետ էին տեղադրել՝ սահմանելով այնտեղ վերահսկողություն։
Հունիսի 15-ին, երբ Ադրբեջանի սահմանապահ ծառայության մի խումբ զինծառայողներ, ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու նպատակով, Հակարիի կամրջի ուղղությամբ առաջխաղացման փորձ կատարեցին, հայկական կողմը կանխեց սադրանքը, ինչից հետո Ադրբեջանի կողմից արգելվեցին Լաչինի միջանցքով բոլոր հումանիտար փոխադրումները՝ այդ թվում՝ ռուս խաղաղապահների ու ԿԽՄԿ միջնորդությամբ հումանիտար օգնության փոխադրումը։ Այդպիսով Արցախը ամբողջական շրջափակման մեջ հայտնվեց, ինչի հետևանքով Արցախում հումանիտար ճգնաժամը օր օրի սրվում է։