Օգոստոսի 7-ին Արցախի Հանրապետության 7-րդ գումարման ԱԺ նախկին նախագահ Արթուր Թովմասյանն ԱԺ նորընտիր նախագահին է փոխանցել խորհրդարանի ղեկավարի պարտականությունները։
Արթուր Թովմասյանը շնորհավորել է Դավիթ Իշխանյանին պաշտոնը ստանձնելու առթիվ և համոզմունք հայտնել, որ նոր նախագահը շարունակելու է խորհրդարանի ժողովրդանպաստ գործունեությունը:
ԱԺ նորընտիր նախագահ Դավիթ Իշխանյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել Արթուր Թովմասյանին՝ հավաստացնելով առաջնորդվել արդեն իսկ կառուցված հիմքերով:
Հիշեցնենք, որ Արցախի ԱԺ նախագահ է ընտրվել ՀՅԴ խմբակցության անդամ Դավիթ Իշխանյանը։ Նրա թեկնածությունը առաջադրել էր իշխող Ազատ Հայրենիք-ՔՄԴ խմբակցությունը։
Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հուլիսի 29-ին հրաժարական էր ներկայացրել։ «Իմ անձնական որոշմամբ քաղաքական պատասխանատվություն եմ վերցնում՝ հեռանալու Ազգային ժողովի նախագահի պաշտոնից, բայց միշտ հավատարիմ կմնամ 1991 թվականին մեր ժողովրդի կողմից հանրաքվեով ընդունված գաղափարին», – նշել էր Թովմասյանը: