news.am: Բաքվից եւ Երեւանից արագ խաղաղության հասնելու վերաբերյալ ազդանշանը չի նշանակում, թե կողմերը պատրաստ են համաձայնել ցանկացած պայմանի։ Դեռ պետք է գտնել մի շարք բարդ թեմաների հանգուցալուծումները։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 9-ին, ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ տեղեկատվության եւ մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Ալեքսեյ Զայցեւը։
Նա մեկնաբանել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Դենիս Գոնչարի՝ հայ-ադրբեջանական գործընթացի վերաբերյալ հարցազրույցը՝ ընդգծելով, որ Գոնչարը նկատի է ունեցել այն, որ «պետք չէ արագացնել գործընթացը»։
«Գործընթացը պետք է ընթանա այնքան, որպեսզի վերջում որակյալ, հուսալի պայմանավորվածություններ ստանա։ Ինչ-որ մեկին գուցե շահեկան է արագացնել գործընթացը, արագ հասնել ինչ-որ բանի, բայց հարցն այն է, թե ինչպես դա հետո կիրականացվի։ Հենց սա է, ինչպես ես եմ հասկանում, նա շեշտադրել իր ելույթում»,- ընդգծել է Ալեքսեյ Զայցեւը։
ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի խոսքով՝ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի պատրաստումը Ռուսաստանի նախագահի, Ադրբեջանի նախագահի եւ Հայաստանի վարչապետի եռակողմ պայմանավորվածությունների տարրերից մեկն է ։
«Ռուսական կողմը եռանդուն աջակցում է Բաքվին եւ Երեւանին պատրաստել այդ փաստաթուղթը, օգտագործում է քաղաքական-դիվանագիտական խողովակը բոլոր մակարդակներում։ Ամեն տարի տեղի են ունենում եռակողմ գագաթաժողովներ, մշտապես հանդիպում են արտաքին գործերի նախարարները, եւ վերջերս նման հանդիպում եղավ։ Բաքվից եւ Երեւանից ստացվող ազդանշանը խաղաղության արագ հասնելու վերաբերյալ չի նշանակում, որ կողմերը պատրաստ են համաձայնել ցանկացած պայմանի։ Դեռ պետք է գտնել հանգուցալուծումներ մի շարք բարդ թեմաների վերաբերյալ»,- ամփոփել է Ալեքսեյ Զայցեւը։