Բանվորի արձանը վերադառնում է. կառավարությունն այսօր այդպես որոշեց |aravot.am|

aravot.am: Խորհրդային ժամանակների հայտնի քանդակի` Բանվորի արձանի պատմական միջավայրը կվերականգնվի։ Համապատասխան որոշումն այսօր ընդունվեց կառավարության նիստում։ Ըստ որոշման` հրապարակում գտնվող և ավելի վաղ օտարված գույքերի նկատմամբ հանրային գերակա շահ է ճանաչվել։ Խոսքը վերաբերում է երեք տարածքի։

Գործադիրի հիմնավորմամբ՝ որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Երևան քաղաքի «Աշխատանքի» հրապարակում գտնվող Արա Հարությունյանի «Փառք աշխատանքին» քանդակի ինստալյացիայի տեղադրման և դրա պատմական միջավայրի վերականգնման անխոչընդոտ իրականացնելու հանգամանքով։ «Տարածքի բարեկարգումից հետո ըստ առաջարկվող տարբերակի՝ այն պետք է վերականգնվի որպես արվեստի օբյեկտ՝ ինստալյացիա, ժամանակակից մոտեցմամբ, որն իրենով կխորհրդանշի վանդալիզմի դեմ պայքարը:

Ինստալյացիան ցույց կտա պատմության մի մասը, և ժամանակակից տեխնոլոգիաները պատկերացում կտան՝ ինչպիսին էր արձանը այն ժամանակ և ինչքանով է պահպանվել: Արդյունքում Երևան քաղաքը կունենա մշակութային ժառանգության պահպանություն, արդյունավետ կառավարում և նոր բարեկարգված տարածք»,-նշված է կառավարության որոշման մեջ։ Կառավարությունը կարծում է, որ արձանի ու պատմական միջավայրի վերականգնումը նաև զբոսաշրջային նպատակներին կծառայի։

Գույքի օտարման գործընթացը սկսելու վերջնական ժամկետ է սահմանվել այս տարվա հոկտեմբերի 15-ը։ Նախատեսվում է գույքի անկախ գնահատման կազմակերպության միջոցով ճշտել գույքի համարժեք փոխհատուցման ենթակա գումարի չափը և առաջարկություն ներկայացնել ՀՀ կառավարությանը։ Փոխհատուցումն իրականացվելու է 2023 թվականի պետական բյուջեի պահուստային ֆոնդից։

Լուսանկարը՝ «Երևան և երևանցիներ» – «Ереван и Ереванцы» Արթուր Էլբակյան ֆեյսբուքյան էջից

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով