civilnet.am: Հայաստանի կառավարությունը օգոստոսի 11-ին ավելի քան 6 միլիոն դոլար հատկացրեց ռեփեր Սնուփ Դոգի (Snoop Dogg) համերգի կազմակերպման համար։ Ըստ որոշման հիմնավորման՝ նշյալ գումարը կուղղվի Սնուփ Դոգի հոնորարի վճարմանը, արտիստի թիմի տեխնիկական պահանջների, անվտանգության և ապահովագրական ծախսերի, բարձրակարգ տեխնիկական հագեցվածության ապահովմանը և գովազդային միջոցառումների իրականացմանը:
«Դոպինգ սփեյս». ո՞վ է ընկերության սեփականատերը
«Դոպինգ սփեյս» ընկերությունը այս միջոցառումը կկազմակերպի առանց մրցույթի, այլ կերպ ասած՝ միջոցառումների կազմակերպմամբ զբաղվող ընկերությունների միջև մրցակցությամբ չէ, որ ընտրվել է «Դոպինգ սփեյսը»։ Համենայնդեպս, գնումների համակարգի Armeps հարթակում որևէ նման մրցույթի մասին տեղեկություն չկա։ Ըստ կառավարության՝ «Դոպինգ Սփեյս» ՍՊԸ-ն պարտավորվում է ապահովել միջոցառման համար բոլոր անհրաժեշտ սարքավորումները, իրականացնել դրանց տեղադրումը, ապահովել միջոցառման անցկացման թեմայով գովազդային արշավներ Հայաստանում և արտերկրում՝ նշելով, որ միջոցառումը իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության հովանու ներքո: Նման արտիստների համերգների կազմակերպման համար անհրաժեշտ են մեծ և համաշխարհային ստանդարտներին համապատասխանող բացօթյա հարթակներ կամ մարզադաշտեր, ինչը թույլ կտա Հայաստան հյուրախաղերի հրավիրել համաշխարհային աստղերի կամ խմբերի:
«Դոպինգ սփեյսը», ըստ իրավաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստրի, հիմնվել է անցյալ ամսվա սկզբին՝ հուլիսի 4-ին։ Ընկերության բաժնետոմսերի 51 տոկոսը Մակար Պետրոսյանինն է՝ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Ալեքսան Պետրոսյանի (ՄԱՊ-ի Ալիկ) որդունը: Ընկերության մյուս բաժնետերը Հայկ Սիմոնյանն է՝ «Դոպինգ» գովազդային գործակալության հիմնադիրը։
Ալիկ Պետրոսյանը 90-ականներից «ՄԱՊ» գինու-կոնյակի գործարանի սեփականատերն է, իսկ 2003-ից պատգամավոր էր «Օրինաց երկիր» կուսակցությունից։ 2007-ին ու 2012-ին նա արդեն պատգամավոր դարձավ Հանրապետական կուսակցության ցուցակով, իսկ 2017-ին արդեն առաջադրվել էր ռեյտինգային ընտրակարգով Արմավիրի մարզից։