tert.am: Ուկրաինայի դիվերսիաներն անպատասխան չեն մնա, նման բարբարոսական գործողություններն արդարացում չեն կարող ունենալ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Ղրիմի կամրջի և թերակղզու վրա հարձակվելու՝ Ուկրաինայի փորձերը։
«Նման դիվերսիաները միջազգային հանրությանը հնարավորություն են տալիս ևս մեկ անգամ համոզվելու Կիևի վարչակարգի իրական էության մեջ: Նման բարբարոսական գործողություններն արդարացված չեն, և դրանք անպատասխան չեն մնա»,- ասել է Զախարովան նախարարության կողմից հրապարակված մեկնաբանությունում։
«Մենք խստորեն դատապարտում ենք այդ ահաբեկչությունները»,- ասել է ՌԴ ԱԳՆ խոսնակը։
Դիվանագետը նշել է, որ Ղրիմի կամուրջը միայն քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտ է, որի վրա հարձակումներն անընդունելի են․ «Նա նման հարձակումների է ենթարկվել անցյալ տարվա աշնանից․ դրանք, ի թիվս այլնի, հանգեցրել են խաղաղ բնակիչների մահվան»:
Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն հայտնել էր, որ Կիևի՝ 20 անօդաչու թռչող սարքերով ու երկու S-200 հրթիռներով հարձակումները ետ են մղվել թերակղզում ու Ղրիմի կամրջի վրա. անօդաչուները խոցվել կամ ճնշվել են էլեկտրոնային պատերազմի համակարգի միջոցով, հակաօդային պաշտպանության ուժերը խոցել են երկու հրթիռները, կամուրջը չի վնասվել։