Թուրքիան Հայաստանից ակնկալում է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, կիրառել «Աղդամ-Ստեփանակերտ» և այլ այլընտրանքային ուղիներ․ Թուրքիայի ԱԳՆ

Թուրքիան ուշադրությամբ հետևում է Լաչինի ճանապարհի շուրջ տեւական բանավեճերին և հասկանում է Ադրբեջանի օրինական մտահոգությունն այդ հարցում: Այս մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի ԱԳՆ-ն։ 

«Ցավոք, երկար ժամանակ Ադրբեջանի կողմից բարձրաձայնվող այս մտահոգությունները ուշադրության չարժանացան և ի վերջո Ադրբեջանը իր ինքնիշխան իրավունքների շրջանակներում ձեռնարկեց քայլեր, որոնք նպատակահարմար գտավ։ 

Թուրքիան Լաչինի ճանապարհի վերաբերյալ Ադրբեջանի հասցեին հնչող քննադատությունները անհիմն է համարում»,- նշված է ԱԳՆ հաղորդագրության մեջ։ 

Թուքրիայի արտաքին գերատեսչությունը նշել է, թե այն փաստը, որ Լաչինի միջանցքով բժշկական նպատակով անցուդարձը թույլ է տրված, ինչպես նաև այլ ճանապարհ է առաջարկվել նյութական ապրանքների փոխադրումների համար (նկատի ունի՝ Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհը-խմբ․), ցույց են տալիս, որ «ադրբեջանական կողմը դրական մտադրություններով առավելագույն ջանքեր է գործադրում»։ 

«Հայաստանից մեր ակնկալիքն է խուսափել սադրիչ քայլերից, ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, Ղարաբաղում հայ բնակչության կարիքները հոգալու նպատակով «Աղդամ-Ստեփանակերտ» և այլ այլընտրանքային ուղիների կիրառումը, ինչպես նաև աջակցել ջանքերին՝ վերաինտեգրել Ադրբեջանի հայ բնակչությանը»,- նշել են ԱԳՆ-ից։ 

Թուրքիայի ԱԳՆ-ն նշել է՝ «Թուրքիան հավատում է, որ տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ապահովելու համար պետք է աջակցել բարեկամ և եղբայրական Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը, հումանիտար ջանքերին և խուսափել իրավիճակը սրող գործողություններից»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն