Քոչարյանի գործով դատական նիստի ժամանակ դատախազի և պաշտպանի միջև միջադեպ գրանցվեց |armenpress.am|

armenpress.am: Երևանի ընդհանուր իրավասության դատարանում նոյեմբերի 26-ին դատական նիստի ընթացքում Մարտի 1-ի գործով ամբաստանյալ ՀԱՊԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանի և մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանի միջև միջադեպ գրանցվեց:

Պաշտպան Պողոսյանը ներկայացնում էր մեղադրող դատախազ Կարեն Բիշարյանի բացարկի հիմքերը, որի ընթացքում դատախազ Բաղդասարյանը առարկեց կողմի գործողությունները, որից հետո լեզվակռիվ տեղի ունեցավ դատախազի և պաշտպանի միջև:

Ստեղծված իրավիճակից ելնելով, դատավոր Դանիբեկյանը հայտարարեց ընդմիջում:

Ընդմիջումից հետո դատարանը արձանագրեց, որ պաշտպան Միհրան Պողոսյանի և դատախազ Գևորգ Բաղդասարյանի կողմից թույլ են տրվել դատական նիստի կարգը խախտող գործողություններ, մեղադրողը և պաշտպանը չեն ենթարկվել այդ գործողությունները դադարեցնելու վերաբերյալ դատարանի պահանջներին, ինչով անհարգալից վերաբերմունք են ցուցաբերել դատարանի նկատմամբ:

«Այդ կապակցությամբ դատարանը Միհրան Պողոսյանին և Գևորգ Բաղդասարյանին հայտարարում է նկատողություն»,- ասաց Դանիբեկյանը:

Նոյեմբերի 26-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը բացարկի միջնորդություն ներկայացրեց մեղադրող դատախազ Կարեն Բիշարյանի նկատմամբ:

Ավելի վաղ, Երևանի առաջին ատյանի դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը նոյեմբերի 19-ին որոշում էր կայացրել մերժել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի պաշտպաններ Հովհաննես Խուդոյանի ու Կարեն Մեժլումյանի միջնորդությունները` մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանին բացարկ հայտնելու վերաբերյալ:

Նոյեմբերի 12-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանի միջնորդությունը դատավոր Աննա Դանիբեկյանի ինքնաբացարկի վերաբերյալ:

Դատավոր Աննա Դանիբեկյանը նաև մերժել էր ՀՀ երկրորդ նախագահին ազատ արձակել Սահմանադրական դատարանի սեպտեմբերի 4-ի որոշման հիմքով, ապա նաև մերժել էր պաշտպանների ներկայացրած գրավի միջնորդությունը:

Ըստ դատական տեղեկատվական համակարգի հրապարակած մեղադրական եզրակացության՝ 2008 թվականի մարտի 1-2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 26-ին Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն