1lurer.am: Մենք շարունակում ենք խորապես մտահոգված մնալ Լաչինի միջանցքի շարունակական շրջափակմամբ, մասնավորապես առևտրային, մարդասիրական և մասնավոր մեքենաների համար: Այս տեսակի մարդասիրական երթևեկության դադարեցումը, մեր կարծիքով, վատթարացնում է հումանիտար իրավիճակը և խաթարում է խաղաղ գործընթացի նկատմամբ վստահություն ստեղծելու ջանքերը։ Այդ մասին ասել է Պետդեպարտամենտի փոխխոսնակ Վեդանտ Պատելը՝ արձագանքելով Լաչինի միջանցքի հետ կապված իրավիճակին։
Պատասխանելով այն հարցին, թե ինչպիսին է լինելու ԱՄՆ դիրքորոշումը ՄԱԿ-ում՝ Պատելն ասել է հետևյալը.
«Մենք հետևողականորեն ընդգծել և կրկնել ենք այն փաստը, որ ուղիղ երկխոսությունը էական նշանակություն ունի այս երկարատև հակամարտությունը լուծելու համար, և կարծում ենք, որ ցանկացած ներգրավվածություն, որն ի վերջո խաղաղություն և կայունություն կբերի Հարավային Կովկասի ժողովրդին, լավ և դրական քայլ կլինի»,- նշել է Պետդեպարտամենտի փոխխոսնակը։