hetq.am: Բրիտանական «Հետաքննական լրագրության բյուրոն» (The Bureau of Investigative Journalism) 2023 թվականի հունվարին մանկական քաղցկեղի բուժման համար օգտագործվող դեղերի վերաբերյալ մի հետաքննություն էր հրապարակել, որում նշվում է նաև Հայաստանի մասին:
Հետաքննությունը բացահայտել էր, որ աշխարհի ավելի քան 90 երկիր ասպարագինազա (asparaginase) դեղանյութ պարունակող անորակ դեղամիջոցներ է ներմուծվել։ Ասպարագինազան մանկական քաղցկեղի ամենատարածված տեսակի՝ սուր լիմֆոբլաստային լեյկեմիայի բուժման նպատակով օգտագործվող հիմնական դեղանյութն է։
Լրագրողներն ամբողջ աշխարհում անորակ ասպարագինազայի ապրանքանիշերի տարածմանը հետևելու համար օգտագործել են Panjiva բեռնափոխադրումների տվյալների բազան: Ըստ հետաքննության՝ 2021 թվականին Հնդկաստանից Հայաստան են ներմուծվել «Օնկոնաս» (Onconase) և «Ասպատերո» (Aspatero) դեղամիջոցները։ Պարզվել է, որ դեղամիջոցները անարդյունավետ են, կողմնակի ազդեցություն են ունենում, և շատ երկրներում դրանց կիրառումն արգելվել է։
2020թ. հոկտեմբերի 3-ին Կառավարության «Ռազմական դրության ժամանակ սննդամթերքի, դեղորայքի, առաջին անհրաժեշտության ապրանքների վաճառքի, ձեռքբերման և շրջանառության հատուկ կարգը և ցանկերը հաստատելու մասին» N 1632-Ն որոշմամբ՝ Հայաստանում թույլատրվեց չգրանցված դեղերի ներմուծումը։ Նշված դեղամիջոցները Հայաստան են բերվել հենց այս որոշումից հետո` 2021 թվականի մարտին, մայիսին և դեկտեմբերին։ Մեր գործընկերների փոխանցած տվյալների համաձայն՝ դեղերը Հնդկաստանից ներմուծել է երկու տնտեսվարող, որոնցից մեկը հայտնի է՝ «Վիոլետա բժշկական կենտրոն» ՍՊԸ-ն, մյուսի տվյալները պարզել չի հաջողվել։
«Վիոլետա բժշկական կենտրոն» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Արկադի Դաշյանը «Հետքի» հետ զրույցում նշեց, որ «Օնկոնաս» դեղամիջոցը 2021 թվականին Հայաստան են բերել փոքր խմբաքանակով՝ 50 հատ։ Դաշյանի խոսքով՝ դեղերը ընդհանրապես չեն վաճառվել, ժամկետանց են դարձել և ոչնչացվելու են։
«2021 թվականին դեղ ենք բերել, 2023-ին պարզվել է, որ կողմնակի ազդեցություն է ունենում։ Ընդ որում, խոսքը գուցե հենց այդ խմբաքանակին չի վերաբերում։ Համենայն դեպս, դրանք վաղուց վաճառվող դեղերի մեջ չեն, ոչ մի հատ էլ չի վաճառվել։ Առանձնացրել ենք պահեստից, պիտի ոչնչացնենք»,- նշեց Արկադի Դաշյանը։
Առողջապահության նախարարությունից չգրանցված դեղերի ներմուծման ու դրանց սպառման վերաբերյալ մեր հարցմանը պատասխանեցին, որ 2021 թվականին նախարարությունը ներմուծման հավաստագիր է տրամադրել միայն հնդկական «Յունայթեդ Բիոտեխ Լիմիթեդ» (United Biotech (P) Limited) ընկերության արտադրության «Օնկոնաս» չգրանցված դեղի համար։ Ներմուծող ընկերությունից նախարարությանը ևս հայտնել են, որ «Օնկոնաս» դեղի ներմուծված ամբողջ խմբաքանակը «խոտանվել է և ակտավորվել ոչնչացման նպատակով»։
Ըստ Առողջապահության նախարարության՝ «Ասպատերո» դեղի ներմուծման թույլտվություն ստանալու համար որևէ դեղագործական ընկերություն չի դիմել։
Թե որ տնտեսվարողն է «Ասպատերո» դեղամիջոցը Հայաստան ներկրել, ինչ խմբաքանակով, և արդյոք այդ դեղերը օգտագործվել են բուժման նպատակով, մեզ չհաջողվեց պարզել։ Նախարարությունից հայտնում են՝ Հայաստան բերված դեղերի իրացման վերաբերյալ տեղեկություններ չունեն, եթե դրանք պետպատվերով տրամադրվող դեղերի ցանկում չեն։
Ավելի մանրամասն` hetq.am-ում։