Զինվորական համազգեստով մի քանի տղամարդիկ փորձում էին մուտք գործել ԱԺ, իբրեւ թե եկել են ԱԺ-ից հաշիվ պահանջեն, թե այդ ո՞վ է իրենց նախագահի հրաժարականը պահանջում. Մետաքսե Հակոբյան |aravot.am|

aravot.am: «Ռուբեն Վարդանյանի կարծիքը, առանց անձնավորելու, կարող ենք դիտարկել իբրեւ արցախցիների հավաքական կարծիք, որովհետեւ իրականում ինքը բարձրաձայն ասաց այն, ինչը որ Արցախում կա, այն, ինչի համոզմունքը շատերն ունեն: Ցավոք, արցախցիների մեծամասնությունն այդպես է մտածում Արցախի նախագահի մասին ու հավատացեք, մենք՝ արցախցիներս, ամենաշատը կցանկանայինք, որ ԱՀ նախագահի մասին նման կարծիք չունենայինք»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Արցախի խորհրդարանի ընդդիմադիր «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն՝ անդրադառնալով Արցախի նախկին պետնախարար, «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման համակարգող Ռուբեն Վարդանյանի՝ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հասցեին հնչեցրած քննադատությանը:

«Իրականում, Արցախում, քաոս, որպես այդպիսին, չկա, թեեւ ստեղծված իրավիճակից ենթադրվում է, որ պիտի լիներ, սակայն, քաոս են ստեղծում Արցախի իշխանությունները. քաոսը ստեղծում են իրենց ձեռագրին համապատասխան, ինչպես հունվար ամսին տեղի ունեցավ: Իմիջիայլոց, տարբեր լուրեր դաշտ նետելը, ինչի համար հետո իրենք թիրախավորում են այլ անձանց, վստահ ենք, որ իրականացվում է անձամբ երկրի նախագահ Արայիկ Հարությունյանի կողմից՝ դեղին մամուլի կամ այլ միջոցներով: Հունվար ամսին դարձյալ ականատես եղանք նման «միջոցառման», երբ ինչ-ինչ ձեւերով հայտարարվեց, որ ԱՀ նախագահը հրաժարական է տալիս:

Դրան հաջորդեց Ստեփանակերտի Երիտասարդության պալատում տեղի ունեցած շոուն, երբ ինչ-որ մարդիկ հայտնվեցին ու ինչ-որ ամպագոռգոռ հայտարարություններ արեցին, պահանջներ ներկայացրեցին: Ու դրանից հետո ի՞նչ տեղի ունեցավ. ընդամենը պաշտոնյաների փոփոխություն ու ամենը մոռացվեց: Հետաքրքիր է, որ նման բաները տեղի են ունենում, երբ հանրության մոտ կրքեր են սկսում եռալ, կամ ինչ-որ ընդվզումներ են հասունանում: Այս անգամ էլ բացառություն չէր»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավաստիացնելով, որ թե ո՞վ կամ ի՞նչ լույսի ներքո կներկայացնի ու կմեկնաբանի իրադարձությունները, բայց Արցախում իրականությունը հետեւյալն է.

«Մարդիկ պատրաստ են դիմակայել, պատրաստ են կրել այս զրկանքները, պատրաստ են կիսասոված կամ սոված օրեր անցկացնել՝ հստակ գիտակցելով, թե ինչի՞ համար են դա անում, իմանալով վերջնարդյունքը, բայց չեն կարողանում, քանի որ հավատն անընդհատ սասանվում է: Ու սասանողը ներկայիս իշխանություններն են: Քանի որ չկա իշխանության նկատմամբ վստահություն, հերիք է մեկ-երկու օր հաց չլինի եւ ընդվզում է տեղի ունենում, ինչպես այս օրերին է: Այն, որ կաթնամթերք, մսամթերք հնարավոր չէ գնել, դրա հետ կարծես հաշտվել ենք, չկա ուղղակի, իսկ հացն… արդեն երկու օր է՝ հացաթխման արտադրամասերը չեն աշխատում եւ մարդիկ փաստացի նույնիսկ հաց չեն կարողանում գնել, իսկ կառավարությունը որեւէ պատճառաբանություն չի ներկայացնում, մարդիկ պատճառը չգիտեն»: 

Ավելի մանրամասն՝ aravot.am-ում։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն