Արցախի ՄԻՊ-ը սեփական նախաձեռնությամբ քննարկում է սկսել Դավիթ Մինասյանի հրապարակային հաղորդման վերաբերյալ

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանը սեփական նախաձեռնությամբ քննարկում է սկսել Դավիթ Մինասյանի հրապարակային հաղորդման վերաբերյալ։

«2023 թվականի օգոստոսի 21-ին Արցախի Հանրապետության քաղաքացի Դավիթ Մինասյանը «Facebook» սոցիալական ցանցի իր կողմից վարվող նույն անվամբ օգտահաշվով հրապարակել է գրառում այն մասին, որ Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի աշխատակիցներն իրեն ծեծի են ենթարկել: Գրառմանը կից Դ.Մինասյանը հրապարակել է լուսանկար, որտեղ անձի մարմնի վրա առկա են այտուցների և քերծվածքների տեսքով մարմնական վնասվածքներ:

Առաջնորդվելով «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքով խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կանխարգելման շրջանակներում Մարդու իրավունքների պաշտպանին վերապահված լիազորություններով և ղեկավարվելով «Մարդու իրավունքների պաշտպանի մասին»  օրենքի 15-րդ հոդվածով և 19-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Պաշտպանը սեփական նախաձեռնությամբ սկսել է քննարկում Դավիթ Մինասյանի հրապարակային հաղորդման վերաբերյալ»,- նշված է ՄԻՊ հայտարարության մեջ:

Panorama.am-ի հետ զրույցում Մինասյանը հայտնել է, որ երեկ իր հետ կապվել են Արցախի ՄԻՊ գրասենյակից ու հետաքրքրվել միջադեպի մանրամասներով։

«Հավաքը քանի գնաց շատացավ, հավաքվել են մոտ հարյուր հոգի։ Մենք ասում ենք՝ սոված ենք։ Մյուսն եկել է ասում է, երեխան թերսնվածության հետևանքով պառկած է, դեղեր է ընդունում։ Խանութներում ոչ մի բան չկա, որ ուտենք։ Սոցապի պահեստներում ուտելիք կա։ Ասում ենք՝ եղածը հավասարաչափ բաժանեք»,-պատմում է Դավիթն ու ավելացնում, հացի հերթերում որևէ անգամ պաշտոնյայի ընտանիքի անդամ չի տեսել։

Հավաքի ավարտից հետո տուն վերադառնալիս, նրա խոսքով, Արցախի ոստիկանության հատուկ նշանակության ստորաբաժնման աշխատակիցները՝ մոտ վեց հոգով ձեռքերից բռնած մեքենա են նստացրել, ձեռնաշղթաներ հագցրել, հայհոյանք տալով հարվածել են մարմնի տարբեր հատվածներին։

«Ուշունց տալով՝ հարվածներ էին հասցնում։ Ես կարծում եմ, սա արել են, որ էլ ցույց չանեմ։ Ես որոշել եմ  շարունակել բողոքը, թե համացանցում, թե իրական կյանքում։ Հավաք լինելու է, ես շարունակելու եմ բողոքը։ Քանի գնալու է, վիճակը վատանալու է։ Ես ասում եմ՝ միայն իշխանավորների համար չի պրոդուկտը գալիս»,-ասաց Դավիթը

Հիշեցնենք, որ արցախցի Դավիթ Մինասյանը, որ ֆեյսբուքյան եթերներում հաճախ նմանակում, երբեմն էլ ծաղրում է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին, տարվել էր ոստիկանություն։

«Ես ազատության մեջ եմ հիմա։ Բայց շատ բողոքներ ունեմ։ Ուզում եմ իմանալ՝ Ոստիկանությունը խի՞  ա ինձ բռնել տարել Ասկերանի ոստկանությունում 1 օր ինձ դատել։ Ինձ ծեծել են,  դրա պատասխանը պիտի տան, ի՞նչ իրավունքով են ծեծել ինձ»,-գրել էր նա ֆեյսբուքյան իր էջում ու հրապարակել բռնության հետևանքները։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն