Հավաստի տեղեկություններ կան Լաչինի միջանցքը միակողմանի բացելու՝ միայն ելք թույլ տալու վերաբերյալ․ Փաշինյան |civilnet.am|

civilnet.am: Հայաստանը հավաստի տեղեկություններ ունի, որ մշակվում են ծրագրեր՝ Լաչինի միջանցքը միակողմանի բացելու, այսինքն՝ ելք թույլ տալու, Լեռնային Ղարաբաղ մուտք թույլ չտալու ուղղությամբ։ Կառավարության օգոստոսի 24-ի նիստում այդ մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վերջինս հայտարարեց՝ Հայաստանում են գտնվում Լեռնային Ղարաբաղի բազմաթիվ բնակիչներ, որ չեն կարողանում վերադառնալ Ղարաբաղ։ 30 000 բնակիչներ էլ չեն կարողանում վերադառնալ Ղարաբաղ և հարակից շրջաններ՝ համաձայն նոյեմբերի 9-ի ստորագրած հայտարարության։

«Ադրբեջանի հիմնական նպատակը էթնիկ զտման նպատակով ԼՂ հայությանը հեռացնելն է սովահարության ու այլ միջոցներով։ Բաքուն շարունակաբար տորպեդահարում է Ստեփանակերտի հետ երկխոսությունը՝ փորձելով պատասխանատվությունը դնել ԼՂ-ի վրա»,- հայտարարեց վարչապետը։

Հիշեցնենք, որ 2022-ի դեկտեմբերի 12-ից քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ 2023 թվականի ապրիլի 28-ին նրանք հայտարարեցին ճանապարհը բացելու մասին,  քանի որ ապրիլի 23-ին Լաչինի ճանապարհին արդեն անցակետ էին տեղադրել՝ սահմանելով այնտեղ վերահսկողություն։ 

Հունիսի 15-ին, երբ Ադրբեջանի սահմանապահ ծառայության մի խումբ զինծառայողներ, ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու նպատակով, Հակարիի կամրջի ուղղությամբ առաջխաղացման փորձ կատարեցին, հայկական կողմը այն կանխեց, ինչից հետո Ադրբեջանի կողմից արգելվեցին Լաչինի միջանցքով բոլոր հումանիտար փոխադրումները՝ այդ թվում՝ ռուս խաղաղապահների ու ԿԽՄԿ միջնորդությամբ հումանիտար օգնության փոխադրումը։ Այդպիսով Արցախը ամբողջական շրջափակման մեջ հայտնվեց, ինչի հետևանքով Արցախում հումանիտար ճգնաժամը օր օրի սրվում է։ Օգոստոսի 21-ին Ռուսաստանի և Արցախի 41 քաղաքացի Արցախից տեղափոխվել էր Հայաստան, որն առաջին դեպքն է հունիսի 14-ից ի վեր։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն