Արցախի իշխանությունները չեն մեկնաբանում Լաչինի միջանցքը միակողմանի բացելու մասին Փաշինյանի հայտարարությունը |hetq.am|

hetq.am: Այսօր՝ օգոստոսի 24-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստը սկսեց այն հայտարարությամբ, թե իրեն հավաստի տեղեկություններ են հասել, որ ծրագրեր են մշակվում Լաչինի միջանցքը միակողմանի բացելու, Լեռնային Ղարաբաղից ելք թույլ տալու և մուտք թույլ չտալու վերաբերյալ։

Փաշինյանի հայտարարության մասին «Հետքը» մեկնաբանություն խնդրեց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանից։  Նա ասաց, որ Արցախի կառավարությունը և իշխանությունները ոչ մի կերպ չեն մեկնաբանում Լաչինի միջանցքը միակողմանի բացելու մասին Փաշինյանի հայտարարությունը։   

Հիշեցնենք՝ իր այսօրվա ելույթում Նիկոլ Փաշինյանը նշեց նաև, որ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Լաչինի միջանցքի փակ լինելու պատճառով բազմաթիվ քաղաքացիներ չեն կարողանում վերադառնալ Արցախ, ևս 30 000-ը՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության հետևանքով։ 

«Մի շարք դրույթների չկատարումը շարունակաբար վկայում է, որ Ադրբեջանի հիմնական նպատակը Ղարաբաղի հայության էթնիկ զտումն է, Լեռնային Ղարաբաղից հեռացնելը՝ սովահարության, ռազմական օպերացիայի կամ այլ միջոցներով։ Մեր ունեցած տեղեկությունները վկայում են, որ Բաքուն շարունակաբար տորպեդահարում է Ստեփանակերտի հետ երկխոսությունը՝ փորձելով դրա պատասխանատվությունը դնել Լեռնային Ղարաբաղի վրա։ ՀՀ դիրքորոշումը շարունակում է մնալ նույնը։ Իրավունքներին ու անվտանգությանն առնչվող հարցերը պետք է հասցեագրվեն Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջոցով՝ միջազգային մեխանիզմի շրջանակներում»,- նշեց վարչապետ Փաշինյանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն