Արցախի ԱԺ նախագահը հանդիպել է հանրապետության լրագրողական համայնքի ներկայացուցիչների հետ

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանն այսօր հանդիպել է լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Այս մասին ասվում է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի տարածած հաղորդագրության մեջ։

«Խորհրդարանի ղեկավարը ներկայացրել է պաշտոնավարման 20-օրյա գործունեությունը, անդրադարձել է արտաքին ու ներքին մարտահրավերներին: 

Երկրում ստեղծված բարդ իրավիճակի մեղմացմանն ուղղված ջանքերին զուգահեռ աշխատանքներ են տարվել խորհրդարանական դիվանագիտության ակտիվացման, Հայաստանի հետ միջխորհրդարանական կապերի վերագործարկման, բարեկամական խմբերի ու շրջանակների հետ ակտիվ շփումների վերականգնման ուղղությամբ: 

Խոսելով մեր ներուժը հնարավորինս օգտագործելու անհրաժեշտության մասին՝ Ազգային ժողովի նախագահը նշել է, որ քննարկվել է արտերկրում գտնվող մեր ներկայացուցչությունների աշխատանքները ակտիվացնելու հարցը: Նա շեշտել է համահայկական ջանքերը միավորելու հրամայականի մասին։

Դավիթ Իշխանյանը հանդիպումներ ու քննարկումներ է ունեցել նաև պետական կառավարման համակարգի ու հասարակական կառույցների ներկայացուցիչների հետ: 

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել ներքաղաքական իրավիճակին, խորհրդարանի հեղինակության բարձրացման, տեղեկատվական դաշտի խնդիրներին: 

Ազատ ու անկեղծ մթնոլորտում լրագրողներն իրենց կարծիքներն են արտահայտել և հարցեր ուղղել խորհրդարանի ղեկավարին»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն