«Բոլոր նրանք ովքեր դեմ են Ակնայով (Աղդամ) Ադրբեջանի կողմից ուղարկված «հումանիտար» բեռին և հասկանում են, որ դա մահ է, եկեք Վերածննդի հրապարակ։
Ադրբեջանը իր այս քայլով շախ և մատ է ուզում անել։
Եթե մեր իշխանությունները չեն ընդունում այդ «հումանիտար» բեռը, Ալիևը աշխարհով մեկ հայտարարում է, որ մեր իշխանություններն են մեզ սովամահ անում։ Իսկ Եթե իշխանությունները ընդունում են այդ բեռը, ապա դրվում է Արցախը կորցնելու մեկնարկը։
Այո մենք սոված ենք, այո Ադրբեջանը մեզ սովամահ է անում, բայց մենք չենք ընդունում «Տրոյական ձին»։
Դիմում եմ բոլոր առողջ ուժերին, Արցախը իրոք սիրող բոլոր իմ հայրենակիցներին, պատգամավորներին, քաղաքական գործիչներին, եկեք և կանգնեք մեր կողքին»,- գրել է Ղահրամանյանը։
Ադրբեջանի Կարմիր մահիկի ընկերության ղեկավարը Նովրուզ Ասլանը հայտնել է, թե ադրբեջանական կողմը այսօր հումանիտար բեռ է ուղարկել դեպի Արցախ՝ Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհով։ Նա նշել է, թե հույս ունեն՝ այդ քայլը դրական կընդունվի Ստեփանակերտում ապրող հայերի և միջազգային հանրության կողմից։
Հիշեցնենք նաև, որ երեկ երեկոյան Արցախում տեղի է ունեցել արտահերթ խորհրդարանական նիստ։ Նիստի ավարտից հետո բնակիչների առաջ է դուրս եկել նախագահ Արայիկ Հարությունյանը։ Ի թիվս այլ հարցերի, Արցախի նախագահը ասել է, որ դիտարկում են միայն մեկ ճանապարհ Լաչինի միջանցքը։
Նշենք նաև, որ դեռ հուլիսի 18-ին արցախցիները բետոնե արգելապատնեշներով փակել են Ասկերան-Ակնա(Աղդամ) ճանապարհը՝ ցույց տալու, որ Արցախում կտրականապես դեմ են ադրբեջանական մթերքների ներմուծմանը՝ լինի դա «հումանիտար օգնություն, թե շատ էժան գնով ապրանք։