artsakhpress.am: Ադրբեջանական աղբյուրներն այսօր տեղեկություն տարածեցին Բաքվից Ստեփանակերտ Կարմիր Մահիկի հովանու ներքո հումանիտար բեռ ուղարկելու վերաբերյալ, սակայն արցախյան կողմի հետ տվյալ հարցով որևէ պայմանավորվածություն չի եղել:
Այս մասին «Արցախպրես»-ի հարցմանն ի պատասխան նշել է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը` հավելելով, ոը հետևաբար, այդ քայլը ուղղված է եղած խնդիրները խորացնելուն, բայց ոչ լուծելուն։
«Քաշաթաղի ( Լաչինի ) միջանցքի `սահմանված ռեժիմի վերագործարկման խնդիրը եղել և մնում է առաջնահերթ, և ադրբեջանական կողմի հետ որևէ երկխոսություն պետք է ծավալվի նախ և առաջ այդ հարցի շուրջ։ Միջանցքը պետք է ազատ և անխափան գործի ինչպես մարդկանց, այնպես էլ բեռների ու մեքենաների երկկողմանի տեղաշարժի համար։ Եթե Ադրբեջանի իշխանություններն իրոք հետաքրքրված են Արցախի ժողովրդի ծանրագույն հումանիտար աղետի վերացմամբ ու ցեղասպանության կասեցմամբ, ապա պետք է ոչ թե կեղծ մարդասիրություն խաղան, այլ պարզապես չարգելեն Լաչինի միջանցքով Արցախի մատակարարումների վերականգնմանը, ինչպես նախատեսված է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ և Արդարադատության միջազգային դատարանի հրամաններով»,- ընդգծել է Լ. Ավանեսյանը։
Ադրբեջանի Կարմիր մահիկի ընկերության ղեկավարը Նովրուզ Ասլանը հայտնել է, թե ադրբեջանական կողմը այսօր հումանիտար բեռ է ուղարկել դեպի Արցախ՝ Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհով։ Նա նշել է, թե հույս ունեն՝ այդ քայլը դրական կընդունվի Ստեփանակերտում ապրող հայերի և միջազգային հանրության կողմից։
Հիշեցնենք նաև, որ որ երեկ երեկոյան Արցախում տեղի է ունեցել արտահերթ խորհրդարանական նիստ։ Նիստի ավարտից հետո բնակիչների առաջ է դուրս եկել նախագահ Արայիկ Հարությունյանը։ Ի թիվս այլ հարցերի, Արցախի նախագահը ասել է, որ դիտարկում են միայն մեկ ճանապարհ Լաչինի միջանցքը։
Նշենք նաև, որ դեռ հուլիսի 18-ին արցախցիները բետոնե արգելապատնեշներով փակել են Ասկերան-Ակնա(Աղդամ) ճանապարհը՝ ցույց տալու, որ Արցախում կտրականապես դեմ են ադրբեջանական մթերքների ներմուծմանը՝ լինի դա «հումանիտար օգնություն, թե շատ էժան գնով ապրանք։