azatutyun.am: Կա հստակ որոշում փակ պահելու, չօգտագործելու Ակնա(Աղդամ) – Ստեփանակերտ ճանապարհն, այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց Արցախի Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը։
Նա վստահեցրեց՝ այս տեսակետները ոչ թե իշխող էին, այլ միաձայն էին։
«Ակնա-Ստեփանակերտ ճանապահին տեղակայված է ռուս խաղաղապահների համապատասխան բլոկ-պոստը, նաև կա մեր ՆԳՆ համապատասխան պարեկային հսկողության կետը, անշուշտ կան համապատասխան ցուցումներ, ես կարող եմ մեր հանրությանը և ընդհանրապես ի լուր աշխարհի տեղեկացնել, որ այո՛, կա հստակ որոշում այդ ճանապարհը փակ պահելու, չօգտագործելու, և մեր հասարակությունը չպետք է անվստահության միտումներ ունենա և այս պարագայում տարբեր մեկնաբանություններ տա։ Այն քննարկումներին, որին ես եմ մասնակցել և որտեղ հնարավորություն եմ ունեցել այս տեսակետները ներկայացնելու, բարեբախտաբար այս տեսակետները ոչ թե իշխող էին, այլ միաձայն էին», – ասաց Իշխանյանը։
ԱԺ նախագահի գնահատմամբ, Ադրբեջանը հերթական քաղաքական սադրիչ քայլն է անում՝ փորձելով աշխարհին ցույց տալ, որ իրենց կողմից հնարավոր բոլոր քայլերն արվում են՝ Արցախի ժողովրդի կարիքներն ապահովելու համար։