Համախմբել միջազգային հանրությանը և բանաձև ընդունել Արցախի հարցով. ուղերձ Բայդենին |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկել` համախմբելու միջազգային հանրությանը ԼՂ–ում առաջացած հրատապ խնդիրների լուծման համար։ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մոտ այսօր տեղի ունեցած ակցիայի ժամանակ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին ուղղված ուղերձում նշել են «Բացում» նախաձեռնության անդամները։

Երեկ «Բացում» նախաձեռնության անդամները բողոքի ակցիա էին իրականացրել և նամակներ էին փոխանցել Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի դեսպանատներին։

Նրանք ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին կոչ են անում իր գլխավորությամբ ՄԱԿ ԱԽ նիստ հրավիրել և ընդունել բանաձև, որը կանդրադառնա մի շարք կարևոր և կենսական կետերի։ Առաջին տեղում մարդասիրական օգնության փոխանցումն է։

«Իրականացնել օգնության անհապաղ առաքումը Բերձորի միջանցքով, այլընտրանքային ճանապարհները նսեմացնում են արցախցիների ազատ կամարտահայտումը և լեգիտիմացնում Ադրբեջանի ու վերջինիս հովանավորների կողմից խաթարված կենսական միջանցքի արգելափակման փաստը` հիմնախնդրի էությունը քաղաքականից նենգափոխելով սոսկ հումանիտարի։ Հրատապ գործողությունները չափազանց կարևոր են հումանիտար իրավիճակի էլ ավելի վատթարացումը կանխելու համար»,– նշեց նախաձեռնության անդամ Նարեկ Այվազյանը։

Բանաձևում մյուս կետը պետք է վերաբերի Բերձորի միջանցքի բացմանը, իսկ երրորդ կետով նախատեսվի Ադրբեջանի համար պատասխանատվություն Արցախի բնակչությանը ցեղասպանության ենթարկելու, խոշտանգումների, մարդու իրավունքների խախտումների համար։

«Որպես մարդու իրավունքների ջատագով` ԱՄՆ առաջնորդությունն այս կարևոր նախաձեռնությունների պաշտպանելու գործում առաջնային է։ Աշխարհը նայում է արդարության և հայության հանդեպ ձեր վերաբերմունքին»,–ասվում է Բայդենին ուղղված ուղերձում։

Նախաձեռնության անդամները նամակը փոխանցեցին դեսպանությանը` Բայդենին հասցնելու խնդրանքով։

Նշենք, որ նման ակցիա նախաձեռնության անդամները պատրաստվում են իրականացնել նաև Չինաստանի դեսպանատան մոտ։

Հիշեցնենք, որ «Բացում» նախաձեռնությունը տևական ժամանակ է Երևանում ակցիաներ է իրականացնում` հաջակցություն Արցախի։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն