Ֆրանսիացի սենատորն Ադրբեջանին մեղադրեց ԼՂ-ում ցեղասպանություն և էթնիկ զտում իրականացնելու մեջ |armenpress.am|

armenpress.am: Ֆրանսիայի Սենատում մեծամասնություն կազմող «Հանրապետական» խմբակցության նախագահ, ԼՂ հարցով ուսումնասիրության խմբի ղեկավար Բրունո Ռըտայոն հայտարարել է, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ իրականացնում է ցեղասպանության և էթնիկ զտման քաղաքականություն։

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Ռըտայոն, որը Հայաստան է ժամանել Փարիզի քաղաքապետի գլխավորած պատվիրակության կազմում, այս մասին ասել է օգոստոսի 30-ին Գորիսում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում։  

«Այն, ինչ այսօր տեղի է ունենում  Արցախում, հանգեցնում է էթնիկ զտման և ցեղասպանության։ Այստեղ լինելու մեր առաջին պատճառն այն է, որ ողբերգություն է տեղի ունենում։ Այսօր տեղի ունեցողն Արցախը վերածում է համակենտրոնացման ճամբարի՝ բաց երկնքի տակ։ Էթնիկ զտման և ցեղասպանության այդ փորձն ուղղված է 120 հազար մարդու դեմ, որից 30 հազարը երեխաներ են։ Մենք պահանջում ենք Ֆրանսիայի նախագահից, օգտվելով Ֆրանսիայի դիրքից, այսինքն՝ այն փաստից, որ Ֆրանսիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ է, ընդունել տալ մի բանաձև, որը վերջապես թույլ կտա բացել Լաչինի միջանցքը և դնել այն միջազգային պաշտպանության տակ, որպեսզի բացվի նաև երթևեկությունը մարդասիրական ճանապարհով»,-ասաց ֆրանսիացի սենատորը։ 

Ֆրանսիայից Հայաստան ժամանած պատվիրակությունը, որը գլխավորում է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, օգոստոսի 30-ին ուղեկցել է Ֆրանսիայի մայրաքաղաքի և երկրի մի շարք ռեգիոնների կողմից Արցախի համար ուղարկված հումանիտար օգնությամբ բեռնված բեռնատարների շարասյունը դեպի Լաչինի միջանցքի սկզբնամաս։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն