1lurer.am: Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի երեկվա ագրեսիայի վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Մեթյու Միլլերը «Լուրերի» հարցին ի պատասխան նշել է.
«Մենք ծանոթացել ենք հաղորդագրություններին և մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին: Մենք հետևողականորեն հայտարարել ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությունն անհրաժեշտ է այս վաղեմի հակամարտության կարգավորման համար։ Հակամարտության ռազմական լուծում չի կարող լինել, և վեճերի լուծման համար ուժի կիրառումն անընդունելի է։ Միացյալ Նահանգները շարունակում է հավատարիմ մնալ Հարավային Կովկասի տարածաշրջանի խաղաղ և բարգավաճ ապագայի խթանմանը»,- նշել են ԱՄՆ պետքարտուղարությունից:
Հիշեցնենք, որ երեկ՝ ժամը 07:50-ից սկսած, Ադրբեջանի ԶՈւ-ն ինտենսիվ կրակ է բացել Սոթքի եւ Նորաբակի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Ադրբեջանի ԶՈՒ-ն տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից զատ, կիրառել է նաև ականանետ եւ ԱԹՍ։
Ադրբեջանի ԶՈւ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 3 զոհ, 2 վիրավոր:
ՊՆ-ից հայտնել էին նաեւ, որ Սոթքի հատվածում արձանագրվում են Ադրբեջանի ԶՈՒ ռազմական տեխնիկայի, լրացուցիչ անձնակազմի կենտրոնացման միջոցառումներ: