hetq.am: Ռուսաստանը հունիսի վերջին տարբեր միջոցներով դիմում է հարևան երկրների քաղաքացիներին ու Կենտրոնական Ասիայի երկրներից միգրանտներին, որպեսզի հավաքագրի նրանց՝ Ուկրաինայում մարտական գործողություններին մասնակցելու համար։ Այդ մասին իր կիրակնօրյա տեղեկագրում գրել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության ռազմական հետախուզությունը։ Ի թիվս այլ երկրների` նշվում է նաև Հայաստանը։
«Հայաստանում և Ղազախստանում նկատվել են ինտերնետում հայտարարություններ, որոնք առաջարկում են 5140 դոլար նախնական դրամական ապահովում և աշխատավարձ` 1973 դոլարից սկսած: Ղազախստանի հյուսիսում գտնվող Կոստանայի մարզում տեղի են ունենում հավաքագրման փորձեր, որոնք հիմնականում տեղի էթնիկ ռուսների շրջանում են»,- նշվում է բրիտանական հետախուզության տեղեկագրում։
Բրիտանական կողմը պնդում է, որ առնվազն 2023 թվականի մայիսից Ռուսաստանը Ուկրաինայում մարտական գործողություններին ներգրավում է Կենտրոնական Ասիայից միգրանտներին՝ նրանց խոստանալով քաղաքացիության արագ տրամադրում և մինչև 4160 դոլար աշխատավարձ։
Բրիտանական հետախուզությունն այն կարծիքին է, որ նման գործողություններով Ռուսաստանը, հավանաբար, փորձում է խուսափել ներքին զորահավաքից։ Ընդ որում, Ռուսաստանում 2024 թվականին նախագահական ընտրություններ են կայանալու, իսկ հերթական զորահավաքը կարող է ներքաղաքական խնդիրների պատճառ դառնալ ու ազդել Պուտինի վարկանիշի վրա։
Ավելի մանրամասն` hetq.am-ում։