Լաչինի միջանցքն այլընտրանք չունի․ ՀՀ ԱԳՆ |azatutyun.am|

azatutyun.am: Լաչինի միջանցքը համաձայնեցվել է որպես Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև կապող օղակ և չունի այլընտրանք, «Ազատության» հարցմանն ի պատասխան հայտարարել է Հայաստանի արտգործնախարարությունը:

«Ազատությունը», մասնավորապես, հետաքրքրվել էր արտաքին քաղաքական գերատեսչությունից, թե արդյո՞ք Լաչինի միջանցքը բացելու Բաքվի նախապայմանը Ադրբեջանը դարձրե՞լ է Աղդամի ճանապարհի բացումը։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը շեշտել է՝ Լաչինի միջանցքը պետք է բացվի, իսկ ինչ վերաբերում է այլ հնարավոր հաղորդակցություններին, դա պետք է լուծվի Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջազգային մեխանիզմի շրջանակներում։

Արդեն 7 օր է Բաքուն փորձում է Աղդամով 40 տոննա ալյուրը որպես մարդասիրական օգնություն հասցնել Ստեփանակերտ, այս հարցով բանակցություններ են ընթանում։ Արցախցիներն էլ հերթապահություն են իրականացնում Ասկերանի ճանապարհին՝ պնդելով՝ շարունակելու են փակ պահել ճանապարհը այնքան ժամանակ, քանի դեռ ադրբեջանցիները իրենց ալյուրով հանդերձ չեն հեռացել։ Պաշտոնական Ստեփանակերտը հայտարարում է՝ եթե Ադրբեջանն իրոք հետաքրքրված է Արցախի ժողովրդի հումանիտար աղետի վերացմամբ, ապա պետք է չարգելի Լաչինի միջանցքով մատակարարումների վերականգնումը, ինչպես նախատեսված է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ։

«Ազատության» մեկ այլ հարցին, թե հաշվի առնելով Ստեփանակերտի բացասական վերաբերմունքը Աղդամով օգնություն ստանալուն՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում կա՞ որևէ անդամ երկիր, որ պատրաստ է Լաչինի հարցով բանաձևի նախագիծ ներկայացնել, առաջիկայում տեսանելի՞ է այդ հեռանկարը, արտգործնախարարությունը, վկայակոչելով օգոստոսի 16-ին կայացած ՄԱԿ-ի ԱԽ հրատապ նիստը, պատասխանել է՝ այդ հանդիպման ընթացքում Լաչինի միջանցքի գործունեության վերականգնման, ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշումների իրականացման և նոյեմբերի 9-ի հայտարարության կետերի պահպանման անհրաժեշտության վերաբերյալ հստակ դիրքորոշում է հայտնել ՄԱԿ-ի ԱԽ անդամ արկրների ծանրակշիռ մեծամասնությունը։ Եղել են երկրներ, որ նաև հստակ ընդգծել են, որ Աղամի ճանապարհը չի կարող այլընտրանք լինել Լաչինի միջանցքին։

«Այս հարցի շուրջ Հայաստանի դիրքրոշումը չի փոխվել և միջազգային մեր գործընկերների հետ աշխատանքները շարունակվում են՝ ուղղված Ադբեջանի կողմից արդադարադտության միջազգային դատարանի համապատասխան որոշումների կատարմանը և ԼՂ ապօրինի շրջափակման վերացմանը, այդ թվում՝ գործադրելով ՄԱԿ-ի և ՄԱԿ Անվտանգության խորհրդի համապատասխան մեխանիզմները», – ասված է պատասխանում։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն