Մոսկվան կողմ է ԼՂ հումանիտար օգնության մուտքին՝ ինչպես Լաչինի, այնպես էլ Աղդամի երթուղիներով․ Զախարովա |civilnet.am|

civilnet.am: Մոսկվան հանդես է գալիս հօգուտ Լեռնային Ղարաբաղ հումանիտար օգնության անարգել մուտքի՝ ինչպես Լաչինի, այնպես էլ Աղդամի երթուղիներով։ Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 5-ին, կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Կոչ ենք անում ձեռնպահ մնալ այդ հարցն անհարկի քաղաքականացնելուց»,- հայտարարել է նա։

Զախարովայի խոսքով՝ ռուսական կողմը արտգործնախարարության, պաշտպանության նախարարության և այլ գերատեսչությունների միջոցով կապի մեջ է բոլոր շահագրգիռ կողմերի հետ․ «Քայլեր են ձեռնարկվում ԼՂ-ում մարդասիրական ճգնաժամը կարգավորելու նպատակով»։

Նա հայտնեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերով Ռուսաստանի ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը հարցի շուրջ նախորդ շաբաթ քննարկումներ է ունեցել Երևանում, այժմ էլ հանդիպումներ է անցկացնում Բաքվում։

Օգոստոսի 30-ին «Կոմերսանտը» հոդված էր հրապարակել Լաչինի միջանցքի արգելափակումից հետո Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Պարբերականը, վկայակոչելով ռուսական պետական կառույցներում իր աղբյուրը, գրել էր, որ Կարմիր խաչի միջոցով Աղդամից Ստեփանակերտ ապրանքներ մատակարարելու շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որը կյանքի չի կոչվել։ Արցախյան կողմը պնդել է, որ Լաչինի միջանցքը պետք է օգտագործվի Աղդամի ճանապարհի հետ միաժամանակ, ոչ թե մեկ օր անց, ինչպես առաջարկվել է։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն