«Ապրելու երկիր» կուսակցության կողմից որոշ ընտրողների տրամադրվում են նաև «նվեր» քարտեր․ Ականատեսը հաղորդում կներկայացնի ՀՀ գլխավոր դատախազություն

«Ապրելու երկիր» կուսակցության քարոզարշավի ընթացքում քարոզչական այլ նյութերին զուգահեռ որոշ ընտրողների տրամադրվում են նաև «նվեր» քարտեր։ Քարտի դարձերեսին առկա է գրառում՝ «Պահիր այս քարտը, անակնկալները՝ սեպտեմբերի 17-ից»։
 
Նշված քարտերի կարգավիճակը և դրանց ստանալու ու պահպանելու հետևանքները պարզելու նպատակով կապ ենք հաստատել «Ապրելու երկիր» կուսակցության գրասենյակի ներկայացուցչի հետ, ով դրական է պատասխանել այն հարցին, թե արդյոք քարտի պահպանման դեպքում անձանց սպասվում են նվերներ՝ միաժամանակ նշելով, որ մանրամասները հայտնի կլինեն ընտրություններից հետո։
 
Արձանագրվել են դեպքեր, երբ տարեց ընտրողներն այս քարտերը շփոթել են բանկային կամ նվեր քարտերի հետ։ Ընտրողներին նվեր քարտեր բաժանելը, որոնք հետագայում որևէ բարիք (ապրանք, ծառայություն) ստանալու առերևույթ ակնկալիք են առաջացնում նրանց մոտ, առերույթ պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքի 221-րդ հոդվածով սահմանված հանցակազմի հատկանիշներ։ Հոդվածը պատասխանատվություն է նախատեսում ընտրությունների ընթացքում կուսակցության կողմից կամ նրա անունից կամ որևէ այլ եղանակով կամ բարեգործության անվան տակ ընտրողներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով դրամ, սննդամթերք, արժեթուղթ, ապրանք կամ ծառայություններ տալու/մատուցելու կամ դրանք խոստանալու համար։
 
Ականատեսը հաղորդում կներկայացնի ՀՀ գլխավոր դատախազություն՝ խնդրելով դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ իրականացնել բազմակողմանի քննություն։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով