hetq.am: Մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանն ու ընտանիքի անդամները հրավիրվել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն: Նախկին նախարարին, ամուսնուն, երկու որդուն պատկանող գույքի առնչությամբ իրականացվում է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր: Ուսումնասիրվում է նաև Բրիտանական Վիրջինյան կղզիներում, այսինքն՝ օֆշորային գոտում գրանցված «Օշըն Փըսիֆիք Գլոբըլ Փրոփըրթիզ Լիմիթիդ» ընկերության գույքը:
Նախարարի ընտանիքին հրավիրում են դատախազություն, որպեսզի ծանոթանան գործի նյութերին, ներկայացնեն դիրքորոշում:
Այդ շրջանակներում իրականացվել է նաև «Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապի և համագործակցության հայկական ընկերություն» ՀԿ նախագահության անդամ, ինչպես նաև նույն ՀԿ-ի հիմնադրած «ԱՕԿՍ» ՍՊԸ-ի տնօրեն Գոռ Դավթյանի մոր՝ Ադելա Ստեփանյանի գույքի վերաբերյալ ուսումնասիրություն: Վերջինս ևս հրավիրվել է դատախազություն:
Թե ուսումնասիրությունն ինչ ծավալներ է ընդգրկել կամ որ գույքերն են ենթակա բռնագանձման՝ հայտնի չէ: Այս փուլում դատախազությունը չի հրապարակում գույքի ցանկը՝ պատճառաբանելով, որ հայտնած դիրքորոշումների, ներկայացրած ապացույցների հիման վրա ցանկը կարող է փոփոխվել:
Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Իսրայելում Հայաստանի նախկին դեսպան, «Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապի և համագործակցության հայկական ընկերություն» ՀԿ-ի նախագահ Արմեն Սմբատյանի և նույն ՀԿ-ին պատկանող «ԱՕԿՍ» ՍՊԸ-ի տնօրեն Գոռ Դավթյանի գործի քննությունը: Նրանք մեղադրվում են առանձնապես խոշոր չափով փողերի լվացման համար։
Ըստ մեղադրանքի՝ Արմեն Սմբատյանը, Գոռ Դավթյանի, ՀԿ-ի առաջին փոխնախագահ, ՀՀ մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանի, վերջինիս հարս՝ օֆշորային գոտում՝ Բրիտանական Վիրջինյան կղզիներում գրանցված «Օշըն Փըսիֆիք Գլոբըլ Փրոփըրթիզ Լիմիթիդ» ԲՎԿ ընկերության տնօրեն Ֆրանչեսկա Կուտրուպի հետ 2011-2014թթ․ ընթացքում նախնական համաձայնությամբ և համակատարմամբ ՀԿ-ին պատկանող Երևանի Աբովյան 3 հասցեում գտնվող 526.9 քմ. մակերեսով շենքը և 0,0467 հա. մակերեսով հողամասը ձևական գործարքով օտարել է Սարգիս Մարտիրոսյանին: Որից հետո նշված գույքը փոխարկել է` գույքի նկատմամբ իրավունքները վաճառելով Գագիկ Սայադյանին։
Գոռ Դավթյանը ձևական գործարքով նշված գույքից ձեռք է բերել 25% բաժնեմաս` գույքի նկատմամբ իրավունքները գրանցելով մոր` Ադելա Ստեփանյանի անվամբ:
Ավելի մանրամասն՝ hetq.am-ում։